Ես չեմ ընտրելու Սերժ Սարգսյանին, որովհետև...


17:15 , 15 փետրվար, 2013

Ճիշտ է, ես դեռ շատ փոքր եմ, ես դեռ կոչեր անելու իրավունք ինձ չեմ վերապահի, սակայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լրագրող, հայտարարում եմ.
1. Փետրվարի 18-ին չեմ ընտրելու ՀՀ գործող նախագահին, որովհետև իր նախագահության օրոք Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը ի տես բոլորի ապտակեց կնոջը և մնաց անպատիժ:
2.Սերժ Սարգսյանի ելույթից երկու օր անց ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ցանկություն հայտնեց կոտրելու լրագրողի ծնոտը:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական վատ վիճակի համար պատասխանատու եմ համարում նախ օլիգարխներին, որոնց մեծ մասը հենց Սերժ Սարգսյանի կուսակցության անդամներն են:

Մյուս՝ հազարավոր պատճառներին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև իմ գործը այլ է, պարզապես ես ասում եմ, որ դա իմ որոշումն է, իմ ազատ կամքի արտահայտումն է: Հարգում եմ բոլորին, ովքեր հակառակ որոշումն ունեն, չնայած այն հանգամանքին՝ մի տեսակ չեմ կարողանում նրանց այդ որոշումն արդարացնել: Հարգում եմ նաև ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հանուն պաշտոնի ու հանուն իրենց դիրքերի ամրապնդման ընտրելու են գործող նախագահին:

Այս ամենից հետո ես ունեմ մի եզրակացություն. հաջորդ նախագահական ընտրություններին, եթե այս հինգ տարիներին ընտրված նախագահը, անկախ անձի անուն-ազգանունից, կուսակցական պատկանելությունից, վերացնի օլիգարխիկ կլանը, երկրում ստեղծի սոցիալական հավասարություն, արդար իրավական համակարգ, դատախազները դառնան բարոյական, ու էլի մնացած թերությունները վերացվեն, ես կընտրեմ նրան, ում առաջադրի գործող նախագահը, ով էլ որ նա լինի: