ԱԱԾ-ն բացահայտել է չկայացած ահաբեկչի
17:07 , 15 փետրվար, 2013

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի քաղաքացի Կարեն Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով, Երեւանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին եւ նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար:Փետրվարի 14-ին Կարեն Սիմոնյանը ձերբակալվել է, երբ փորձում էր իրականացնել իր հանցավոր մտադրությունը:Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով: