16:40 , 15 փետրվար, 2013
«Իզվեստիա»-ն գրել է, որ ՎՏԲ ռուսաստանյան բանկը 22 մլն դոլարի հայց է ներկայացրել հայ գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ազգային ավիափոխադրողի և «Mika Limited» ընկերությունների նկատմամբ։
Բանն այն է, որ այս վարկերը հատկացվել էին, որպեսզի Բաղդասարովն արդեն ունեցած վարկերը վերաֆինանսավորեր, բայց Բաղդասարով, դու Բաղդասարով, բռնել էր ու նոր «Sukhoi Superjet-100» մակնիշի ինքնաթիռ էր գնել էդ փողերով։
2010-2011թթ. ՎՏԲ ռուսաստանյան բանկի հայկական մասնաճյուղն ավելի քան 7 մլն դոլարի վարկ էր տրամադրել «Արմավիային»: Գումարներն ուղղված էին «Sukhoi Superjet-100»-ը գնելու համար «Արմավիային» «Արդշինինվեստբանկի» կողմից տրամադրված վարկերը վերաֆինանսավորելուն: Բացի այդ, 2010-ին ՎՏԲ-ի երևանյան մասնաճյուղը 8 մլն դոլար վարկ էր տրամադրել «Mika Limited» ընկերությանը, որի համար երաշխավոր էր հանդես եկել «Արմավիան»: Վարկը հետ վերադարձնելու ժամկետը լրացել է 2012-ին, սակայն ո՛չ «Արմավիան», ո՛չ էլ «Mika Limited»-ը գումարը չեն վճարել ֆինանսական խնդիրների առկայության պատճառով:
Բաղդասարովն էլ բարձրացրած աղմուկի ֆոնին ուրիշ բան չէր ունեցել ասելու, քան որ վարկերը շուտով կմարվեն... Տիպիկ քցողի պատասխան՝ «Դե կտանք էլի...»։
Արդեն նաև խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանությունների համբերության բաժակն էլ է լցվում ու Բաղդասարովի ձեռքից կարող է պարզապես խլեն ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերը և օտարեն դրանք կա՛մ ինչ-որ երրորդ անձի օգտին, կա՛մ էլ՝ պետության։