16:21 , 15 փետրվար, 2013
Այո, իսկապես հետաքրքիր է, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Քվեարկության բուն օրից «հինգ րոպե պակաս»: Ակնհայտորեն ներքին-սողացող գործընթացներ են տեղի ունենում, որոնց մեր աչքն ու ձեռքը չեն կարող հասնել: Կարծես ամեն բան շատ ավելի լուրջ է: Նախորդ օրն ասել էինք` Վ. Պուտինը Եվրասիական միության հարցն առաջնային է դարձրել նաեւ ՖՍԲ-ի համար: Չմոռանանք, որ ռուսական իսթեբլիշմենթը հնարավոր էր համարում Եվրասիական միության մեջ նաեւ Սիրայի ներգրավումը: Հեռանկարում, բայց ոնց երեւում է այլեւս` մոտանկարում է հայտնվում Ստեփանակերտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման քննարկումը, որը մեր տեղեկություններով Շոյգուի այցի ժամանակ տեղի է ունեցել: Ստեփանակերտում ռուս` ՀԱՊԿ խաղաղապահների հայտնությունը, փաստորեն, կհեշտացնի դեպ Սիրիա Եվրասիական միության, հետեւաբար` ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը եւս: Խաղաղապահները Ստեփանակերտում, փաստացի, կնշանակի այսքան տարի ձգձգվող Ղարաբաղայան խնդրի ֆինալ, որովհետեւ դրսին միշտ էլ հետաքրքրող առաջնահերթ, գուցե եւ միակ հարցը եղել է` ինչ գույնի են սաղավարտները Իրան-Ղարաբաղ սահմանագծում, ինչն էլ կնշանակի` «կոնտրոլ փաթեթի» տիրապետում այդ «գծում»: Հասկանալի է, որ մեր ռազմավարական գործընկեր մայր-Ռուսը փորձում է իմանալ Սերժ Սարգսյանի բերանի գոլը, որով էլ պայմանավորված կլինի բուն ընտրությունների օրը տեղի ունեցող քվեարկությունների, ինչպես նաեւ հետընտրական զարգացումների «որակը»: Հետաքրքիր է, որ որեւէ ձայն այս պահին արեւմուտքից դեռ չի գալիս: Որպես օրինաչափություն այս կարգի իրավիճակներից Սերժ Սարգսյանը կարողացել է խուսափել ոչ միայն հաշվարկված մանյովրերի, այլեւ այն պատճառով, որ վերջին պահին կա՛մ ռուսներն ու ամերիկացիք պայմանավորվել են, կա՛մ էլ առժամանակ սառեցրել պրոցեսը:
Հ.Գ.Սպասենք-տեսնենք` այս անգամ ինչ կլինի. վիճակը հեշտերից չէ: