Ո՞ւմ է ուղղված ՀՅԴ կոչը


15:27 , 15 փետրվար, 2013

Քաղաքական  մեկնաբան

ՀՅԴ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորել է իր ընտրողներին մասնակցել նախագահական ընտրություններին. «Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին»:

Շատ կարևոր է, որ ընտրությունների թեկնածու չառաջադրած կամ որևէ այլ թեկնածուին չսատարող ուժերը, այնուամենայնիվ, ուղղորդում են իրենց ընտրազանգվածին: Ուղղորդելը մի բան է, սակայն առավել կարևոր է, թե ինչպես է այս կամ այն ուժի ընտրազանգվածը առկա իրողությունների շրջանակներում հավատարիմ լինում այդ կոչին կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «ճիշտ կողմնորոշվում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ որոշ համայնքների ղեկավարներ ոչ միայն սատարում են ՀՀԿ թեկնածուին, այլև բացեիբաց հայտարարում դրա մասին, ապա կարելի է կանխատեսել, թե ինչ ազդեցություն կունենա ՀՅԴ կոչը նրա ընտրազանգվածի վրա:

Նկատենք, որ օրեր առաջ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթայանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել էր, որ 22 տարվա ընդդիմադիր է, դաշնակցական, սակայն ընտրելու է Սերժ Սարգսյանին:

Նույնը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքին, որի համայնքի ղեկավար Գևորգ Թովմասյանը ևս ՀՅԴ-ական է, սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, հայտարարել էր, որ ընտրելու է գործող նախագահին, քանի որ նա «իրենց գյուղում գազ է քաշել, դպրոցն է վերանորոգել, գույք է տվել»:

Ընտրությունները կարևոր միջոցառում եմ նաև «զգալու շարքերի ամրությունը», դժվար է միայն այս օրինակներով հստակ եզրակացություն անել ՀՅԴ-ում տիրող ներքին իրավիճակի վերաբերյալ, մանավանդ, որ այն առավել փակ կառույցի համարում ունի, սակայն ակնհայտ է, որ կուսակցությունը ժամանակ առ ժամանակ ճաքեր է ունենում: