Եվրոպան և Թուրքիան կույրի և խուլի երկխոսություն են վարում. Slate.fr, Ֆրանսիա


21:40 , 4 սեպտեմբեր, 2016

237430518Թուրք պետական գործիչների կարծիքով՝ պետական հեղաշրջման փորձը ուղղված էր ժողովրդավարական Թուրքիայի դեմ, միևնույն ժամանակ ժողովրդավարության օրրան համարվող երկրները չշտապեցին քննադատել այն:

Օգոստոսի 2-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. «Ցավոք, Արևմուտքը աջակցում է ահաբեկչությանը և կանգնում ապստամբների կողքին»: «Եվրոպացի քաղաքական գործիչներից և ոչ մեկը չժամանեց Թուրքիա. նրանց անհանգսատցնում էր միայն այն, թե ինչ կլինի հետո»,- նշեց Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը:

«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիան ընդգրկած բռնությունների ալիքը ազատության և իրավական պետության դեմ ուղղված լուրջ ոտնձգություն է»,- օգոստոսի 4-ին գրեց Libe’ration-ը:

Ստացվում է՝ մենք գործ ունենք արդեն տևական ժամանակ Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններում առկա կույրի և խուլի միջև երկխոսության հերթական փուլի հետ: Երկու կողմերն էլ վստահ են իրենց իրավացիության մեջ. առաջ են տանում խաղաղության վերաբերյալ սեփական պատկերացումները և քննադատում միմյանց անապացուցելի պոռթկումները: Այս երևույթը կարելի է պայմանավորել նրանով, որ Արևմուտքը և Թուրքիան միանշանակ չեն ընկալում երեք հիմնարար հասկացություններ՝ պետական հեղաշրջումը, ահաբեկչությունը և ժողովրդավարությունը:

Իրականում արդյոք ռազմական հեղաշրջման փո՞րձ էր դա:

Նախագահ Էրդողանի խոսքով՝ դա հեղաշրջման իրական փորձ էր, որ նախապատրաստվել էր Թուրքիայի պետական ապարատի և հասարակության մեջ խոր արմատներ ձգած գաղտնի կազմակերպության կողմից: Այն ղեկավարել է ԱՄՆ-ում ապաստան գտած իսլամ քարոզիչ Գյուլենը: էրդողանի հավաստմամբ՝ հեղաշրջման նպատակը բռնության միջոցով ժողովրդավաության հիմքերի քայքայումն է եղել, ինչը խափանվել է թուրք ժողովրդի դիմակայության շնորհիվ: Այդ պատճառով էլ, ըստ Էրդողանի, բնակչությունը արդարացնում է իշխանությունների կողմից տարվող «մաքրման» քաղաքականությունը:

Եվրոպան քննադատեց ապստամբների գործողությունները, սակայն այն որակեց որպես միապետության ճանապարհով շարժվող ռեժիմի դեմ ուղղված հեղաշրջման անհաջող փորձ: Արևմուտքը քննադատում է Թուրքիայի պաշտոնական արձագանքի անհամաչափ սանդղակը, բռնությունների և ձերբակալությունների անհավանական քանակը:

Այլ կերպ ասած՝ մի կողմի համար դա իրական պետական արյունալի հեղաշրջում էր, մյուսի համար՝ խեղկատակություն և բռնատիրական իշխանության ամրապնդման առիթ:

«Ահաբեկչություն» բառի ոչ ճիշտ գործածումը

Էրդողանի կողմից հեղաշրջման փորձի «ահաբեկչություն» որակումը նույնպես տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Ապստամբները կրակ են բացել ոստիկանության, հատուկ ծառայությունների և խորհրդարանի շենքերի, նախագահի պալատի ուղղությամբ, ինչպես նաև ի պաշտպանություն նախագահի փողոց դուրս եկած ամբոխի ուղղությամբ: Արդյունքում մեծ զոհեր և ավերածություններ եղան:

Անկարան պատճառաբանում է, որ քանի որ ապստամբները փորձել են ահաբեկել բնակչությանը, ուրեմն նրանք ահաբեկիչներ են, ինչպես ԴԱԻՇ-ը, ՔԱԿ-ը և այլ ահաբեկչական խմբավորումներ:

Նման որակումն իհարկե հիմնավորված չէ, սակայն Անկարան փորձում է, փաստերը խեղաթյուրելով, մեղադրել Արևմուտքին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ պատճառաբանելով, որ ահաբեկչության դեմ պայքար որդեգրած Արևմուտքը պետք է այս դեպքում էլ համերաշխություն ցուցաբերեր Անկարայի հետ:

Նպատակ և միջոց

Երրորդ և ամենակարևոր պահը՝ «ժողովրդավարություն» հասկացության գործածումը: Հեղաշրջումը ժողովրդավարությունը անհետացման սպառնալիքի ենթարկեց: Հենց ժողովրդավարությունն էլ փորձում է վերականգնել Էրդողանը՝ վերացնելով թշնամիներին՝ որպես հենարան ունենալով իր շուրջը խմբված ժողովրդին: Անկարան համարում է, որ Արևմուտքը՝ որպես ժողովրդավարության ջատագով, այդ հարցում պիտի աջակցի Էրդողանին:

Սակայն պետք չէ առաջ անցնել իրադարձություններից: Դեռ հեղաշրջումից շատ առաջ արևմտյան ԶԼՄ-ները անհանգստացած հետևում էին Էրդողանի բռնապետական ռեժիմի ամրապնդմանը: Բրյուսելը և Վաշինգտոնը ավելի շատ խոսում են ոչ թե թուրքական ժողովրդավարության, այլ բռնատիրության մասին և առանձնապես հավատ չեն ընծայում Էրդողանի ճարպիկ հռետորաբանությանը: Էրդողանն իր քայլերը արդարացնում է իր լեգիտիմությամբ՝ հենվելով վերջին 14 տարիներին ընտրություններում տարած իր հաղթանակների վրա:

Ժողովրդավարությունը, անկասկած, ժողովրդի ընտրած իշխանությունն է, սակայն այն ոչ պակաս նաև իրավական պետության և մարդու ազատության պաշտպանոթւյան գրավականն է: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայում ժողովրդավարության այդ հիմնարար սկզբունքները մոռացված են: Ահա թե ինչու է Արևմուտքը անհանգստացած Էրդողանի ծայրահեղ հայտարարություններից և երկրով մեկ տարածվող ձերբակալությունների ալիքից:

Որպես իրականության երկու տարբեր ընկալումների հետևանք՝ հնարավոր զարգացումները կլինեն ԵՄ-Թուրքիա՝ փախստականների հարցով պայմանագրի չեղարկումը, ռեժիմի վերակողմնորորշումը ավելի միապետական քաղաքական իսլամի, ՆԱՏՕ-ի արևելյան թևի ռազմական ճգնաժամի և Թուրքիայի մուտքի արգելումը արևմտյան ճակատ: