Հռոմի պապը 1,5 հազար աղքատների պիցցա կհյուրասիրի


18:30 , 4 սեպտեմբեր, 2016

Pope-thumbs-upՀռոմի պապ Ֆրանցիսկոսը 1,5 հազար աղքատների և կարիքավորների Վատիկանում հրավիրել է ճաշի՝ այսօր մայր Թերեզայի սրբադասման արարողությունից հետո: Այս մասին գրում է ANSA-ն:

Ըստ լրատվամիջոցի՝ ճաշացուցակում նեապոլիտանական պիցցա է, որի պատրաստման համար հրավիրվել են պիցցայի 20 վարպետներ:

«Պապի ճաշկերույթին», որ կանցկացվի Վատիկանի պատերից դուրս Պողոս 6-րդի դահլիճի բակում, կմասնակցեն Իտալիայի տարբեր քաղաքներից եկած աղքատների օթևանների բնակիչներ. այդ օթևանները կազմակերպել են մայր Թերեզայի Գթասրտության միաբանության քույրերը: Նրանց գիշերը հատուկ բերել են ավտոբուսներով՝ մասնակցելու նախ՝ սրբադասման արարողությանը, ապա նաև՝ ճաշին:

Հիշեցնենք, որ այսօր Վատիկանում ավելի քան 100 հազար հավատացյալների ներկայությամբ տեղի է ունեցել մայր Թերեզայի սրբադասման արարողությունը: Հռոմի պապը նրան անվանել է «աղքատների սուրբ հովանավոր»: