Գիրք, որն ինձ սովորեցրեց ապրել


22:49 , 14 փետրվար, 2013

Երբ ասում են անհատ, հասկանում են կայուն, ամուր և գիտակից մարդ, ով ըմբռնում է կյանքի իմաստն ու արժեքը, կամային է ու նպատակասլաց, բայց ներքին ըմբոստություններն ու երկդիմի հարց ու պատասխաններն անխուսափելիորեն հայտնվում են նրա ճանապարհին: Ես մեծանում եմ … մեծանում և բախվելով կյանքի դժվարություններին` հասունանում եմ նաև հոգով և մտքերով: Ո՞վ էի ես, երբեմն մտածում եմ, մինչև գիտակից դառնալս` չգիտեմ, բայց այսօր` նոր կյանքի շեմին կանգնած, «գիտեմ»-ի և «չգիտեմ»-ի սահմաններն ավելի մոտ են իրականին: Ես մեծացել եմ մի գրքի շնչով, դաստիարակվել եմ նույն գրքի ոգով, հասկացել ու գնահատել ամեն մի երևույթի նշանակություն հենց այդ գրքի տողերով: Սկզբում ըմբռնումս պարզ էր և մանկական: Տատիկիս ընթերցած ամեն մի տող ինձ համար կյանքի առեղծվածն ըմբռնելու հնարավորություն էր: Իմ փոքրիկ գլխում հարցերի շղթա էի ստեղծում և ամեն օր ստանում դրանց սպառիչ պատասխանները: Այսօր արդեն այլ են մտքերս. փոխվել են ցանկություններս, բայց գիրքը նույնն է, ինչպես միշտ: Հիմա ես ինքս եմ կարդում, ինքս եմ քննարկում ու վերլուծում այն, ու ակամա նոր հարցեր են ծնվում: Ես ավելի պահանջկոտ եմ դարձել ինքս իմ նկատմամբ և չեմ հանդուրժում անգամ սեփական էությունից ծնվող հարցադրումները, որոնք մեկ սխալ են, մեկ ճիշտ, մեկ անիմաստ են, մեկ ուղղորդող: Նույն գիրքն է այսօր իմ սեղանին: Իմ հարցերի պատասխաններն այնտեղ են: Աստվածաշունչ… Իմ փոքր տարիքում այն մանկական էր, գունազարդ, իսկ հիմա` մեծ ու ստվարաթերթ... Ես հիմա ապահով եմ, պաշտպանված ու վստահ նրանով: Իմ ներսում Հիսուսն է խոսում, իմ քայլերը Հիսուսն է ուղղորդում, և իմ ամեն թրթիռ Հիսուսի պայծառ ու խորիմաստ բառերով է ղեկավարվում: Գիտեմ, որ նրա գոյությունը փաստով կամ պնդումով չպետք է հիմնավորվի: Այս գիրքն ինձ տվեց ոգու ամրություն, մտքի խորություն, մարդկային ամենավեհ արժեքների գնահատման հնարավորություն, չարը քարկոծելու բուռն ցանկություն: Այն փակեց իմ աչքերը, որ այլևս չտեսնեմ անարդարություն ու չարիք երկրի վրա, խցանեց իմ ականջները, որ չլսեմ ախտի մեջ թաղված աշխարհիս մեղավոր մրմունջը, կողպեց իմ բերանը, որ անեծք չթափվի աշխարհի վրա: Բայց մի՞թե ես եմ միակ մեղավորն ու անմեղը, միակ կեղծավորն ու անկեղծը, միակ փառավորն ու երևելին: Գիրք գրքոց ու փրկություն… Դու բացեցիր աչքերս, որ տեսնեմ գեղեցիկն ու բարին, ընտրեմ արդարացվածն ու մտածեմ միայն դրանց մասին, բայց ոչ ի շահ չարի, այլ միայն բարու, որ փորձեմ քննել ինձ ու իմ առաքելությունը, որ գտնեմ ճանապարհ, պայքար, բայց ոչ երբեք անմաքուր ու կեղծ ընդվզում, որ ապրեմ խաղաղ, մաքուր ու անկեղծ, բայց ոչ երբեք լեռներից անդունդը գլորվող գառնուկի պես անբարբառ ու միայնակ: Դու իմ մեղքերի բաց ու անթաքույց շտեմարան… Դու իմ անցյալի, ներկայի և ապագայի իմաստավոր և անմար լույս… Դու միակ ուղի դեպի լույս, դեպի մաքրություն և հավատ.. Քեզ շատերն են փորձում հասկանալ, հասկանում են կամ ընտրում քեզ իբրև կյանքի ճանապարհ… Ամենքիս մեջ էլ կա Աստվածային նշխար-մասունքի մեր բաժինը, որը պիտի ծառայի հօգուտ կյանքի, արդարության և ուղղամտության: Քեզնով ես ծնվում եմ ամեն օր, շտկում քայլերս մոլոր. քեզնից անմասն չի կարող մնալ անգամ չարամիտ ու տկար անզգամի հոգին: Դու լցնում ես բոլորի հոգին Աստվածային սիրով ու ջերմությամբ: Կանցնեն տարիներ, և գուցե մի օր ես էլ տատիս պես իմ դողդոջուն ձեռքերում քեզ ամուր բռնած`փոքրիկիս մեջ հավատ սերմանեմ առ Աստված, առ բարին և առ մարդկություն: Ամեն: