14:04 , 14 փետրվար, 2013![]() |
| ՊՆ մամլո խոսնակ |
Առավոտից ռազմական ոգեշնչում կա մոտս` ցնցող, բացառիկ, ինչպիսին պետք է լինի միայն հաղթանակների համար: Ֆեյսբուքում խճճվելով այսօրվա վալենտինյան սարդոստայնում` մի քիչ զայրացա, մեկ էլ աչքիս ընկավ հարգելի Արծրուն Պեպանյանի փոքրիկ գրառումը կապիտան Գուրգեն Տեր-Մինասյանի մասին: Այո՛, հենց նման մի բան, հենց նման մի դեպք, հենց նման մի հաղթանակ ևս, ծարավ ենք նման մի բանի: Այո՛, մենք չգիտենք մեր հերոսներին. ցավոք, չգիտենք: Այսօր մտել էի «Նոյան Տապան» գրախանութ և նոր հրատարակված գրքեր էի նայում, մեկ էլ աչքիս ընկավ հաստ ու շքեղ կազմով մի գիրք, որի վրա պատկերված էր քրեական հեղինակություններից մեկը: Ակամայից վերցրի ուսումնասիրելու համար: «Համազգային մի հանճարեղ քրեագետ» կամ «գողականագետ», ինչպես կուզեք անվանեք, հասարակական շերտավորման ներքևի սանդղակի տականքներից մեկի մասին գրելիս այսպես է նշում.
«Լեգենդար անձնավորություն, ճշմարիտ հեղինակություն. նա բոլորի աչքերի մեջ նայում է առանց ամաչելու, ապրել է ազնիվ կյանքով» և այլն, և այլն: Այստեղ չեմ կարող նշել, թե ինչ մտածեցի այս ամենի մասին: Տաղանդավոր շատ հեղինակներ, որոնց գեղարվեստական գործերը գոհարներ են, այսօր տպագրվել չեն կարողանում: Նստեցի տաքսի և մտամոլոր մի քանի րոպե մնալուց հետո զարմանալիորեն նկատեցի, որ վարորդը Արամ Խաչատրյանի (նյութիս առաջին մասի ջատագովների համար նշեմ, որ Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծանուն կոմպոզիտոր է և ազգությամբ էլ հայ է) «Սպարտակ»-ն է լսում: Առաջին պահին զարմացա, սակայն մտածեցի` ինչ-որ ռադիո է, չնայած այդ դեպքում էլ ուրախալի էր, որ ռադիոյով նման բան է հեռարձակվում: Հետո հասկացա` «Սպարտակ»-ը ձգվում է, այնուհետև սահուն անցավ «Սուսերով պարը»: Զարմացած նայեցի վարորդի դեմքին ու ժպտալով խնդրեցի մի քիչ բարձրացնել: Ինքը հասկացավ և ասեց. «Ուրախանում եմ, որ հաճախորդներս չեն խնդրում անջատել»:
Այս տարեց մարդը չխոսեց այն մասին որ ինքը նախկինում ռայկոմի քարտուղար է եղել կամ Օդեսայում, ասենք, «պլյաժ նայող» է եղել կամ միկրոօլիգարխ և այլն, և այլն: Ահա՛, մեր ժամանակներն ու մեր հերոսները: Ամեն ինչ մենք ենք որոշում, ում հերոսացնում ենք, այնպես էլ ապրում ենք: