Դիրքեր մեկնելով Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրությունն է խախտում


12:27 , 14 փետրվար, 2013

Քաղաքական  մեկնաբան

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, հղում կատարելով Սահմանադրության համապատասխան հոդվածին, հիշեցնում է, որ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Սահմանադրական այս դրույթն իր արտացոլումն է ստացել մի շարք իրավական ակտերում, որոնց մեկնաբանությունից բխում է, որ զինվորական ստորաբաժանումներում նախընտրական քարոզչության իրականացումն արգելվում է: ՀՀ օրենսդրությանը հակասող ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ՝ ուղղված զինծառայողների ընտրական իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունների սահմանափակմանը, կամ զինված ուժերում քաղաքական կամ նախընտրական քարոզչության իրականացման փորձ կկանխարգելվի, իսկ նման քայլեր ձեռնարկող անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ մեկնել էր ԼՂՀ ՊԲ դիրքեր, հանդիպել դիրքապահների հետ: Ու որքան էլ թեկնածուն հայտարարի, թե իր հանդիպումները նախընտրական քարոզարշավի շրջանակներում չի իրականացվել (կարևոր չի, թե դրա անունը ինչ կդրվի), դա զինվորական ստորաբաժանումներում իրականացվող քարոզչության բացահայտ դրսևորում էր, քանի որ պաշտպանական բանակի սպայական ու ժամկետային զինծառայողների մի հսկա զանգված իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին ու որպես կանոն նրանց մի մասը մասնակցում է: ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «զինված ուժերում քաղաքական կամ նախընտրական քարոզչության իրականացման փորձ կկանխարգելվի, իսկ նման քայլեր ձեռնարկող անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»: Սրանից շատ կոնկրետ հարցադրում է առաջ գալիս. արդյոք համապատասխան մարմինները թեկնածուի իրականացրած այցը ՊԲ մարտական դիրքեր որպես քարոզչությո՞ւն չեն ընկալում. եթե ոչ, ապա ինչպե՞ս են հիմնավորում դա, եթե այո, ապա ինչո՞ւ օրենքը չի գործում:
Ոմանք նշում են, որ եթե զինծառայողները մասնակցում են նման կարևոր միջոցառման, ապա նրանք իրենց ընտրական իրավունքից օգտվելու համար պետք է ծանոթ լինեն թեկնածուների նախընտրական ծրագրերին ու գաղափարներին: Իհարկե, վերապահումներով մոտենալով վերոնշյալ տեսակետին՝ պետք է ընդգծել, որ, այնուամենայնիվ, որոշակի ժամերին զինծառայողները հնարավորություն ունենում են հեռուստատեսությամբ կամ թերթերի միջոցով ծանոթանալու թեկնածուների ծրագրային մոտեցումներին: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ զորամասերում կամ դրանց ենթակայության տակ գտնվող օբյեկտներում քարոզչության իրականացման անհրաժեշտության մասին որոշ թեկնածուների հայտարարություններին, ապա քանի օրենքում համապատասխան հստակություն չի մտցվել, ցանկացած թեկնածուի կողմից վերոնշյալ օբյեկտներում իրականացվող քարոզչությունը հակաօրինական է դիտվելու: