Հումոր է, որ անում է Սերժ Սարգսյանը


21:34 , 13 փետրվար, 2013

Էս Սերժ Սարգսյանն էլ ա մազալու. էսօր էրկու «կիքս» է տվել. մեկն արդեն ասել ենք (ներքեւում մեջ կբերենք). մյուսն էլ` կանգնել Տրնդեզի կրակի մոտ, օգնել է կրակը նորափեսան (որ ասում են կրակ է եղել ջահել վախտը, ասում եք` չէ) վառի, հետն էլ տարել-բերել ասել է, թե` բա գիտեք` հե՞շտ ա կրակ վառելը:
Հումոր ա, որ անում ա:


***
Էն «մույս» կիքսը:
Վարդենիսցի տարիքով գյուղացին դավաճանաբար, քսենոֆոբաբար, այլընտրանքայնորեն դիմել է «նախագահ ջանին»` ադրբեջաներեն:
Չէ՜. ես հեռու եմ այլոց պես այդտեղ Հովիկ Աբրահամյանի «հետագիծը» տեսնելուց, չնայած նրան ինչի մեջ ասես կարելի է կասկածել:
Ես պարզապես ուզում եմ ահարկու, խրոխտ, անձնվիրաբար անարգանքի սյունին գամել սույն ծերունուն, խնդրել ազգայնական ուժերին մտրակի հարյուր հարված հասցնել նրա թիկունքին`մեր արիականության, մեր տեսակն այդ կարգի մերժման համար, ու մի պատմություն պատմել:
Երեխա էի. ջահել հորեղբայրս մահացել էր. իմաստուն, աշխատասեր պապս (ինչ լավ բան կա սարերից իմ մեջ` պապիցս է), մի բուռ դառած, նստած տեղից չէր շարժվում. չէր խոսում: Երկա՜ր օրեր: Մի օր բակից խոսակցության ձայն լսեցի. պապս խոսում-խոսում, ինչ-որ մեկին բան էր պատմում:
Դարդն էր պատմում: Կիսահայերեն-կիսաթուրքերեն:
Երբ անծանոթը գնաց, հարցրի` ով էր. պապ, պապս թե` վերեւի գյուղից` Վաղուդիից մեր թուրք ծանոթն էր, իմացել էլ ա Կառլոն մահացել ա, եկել էր խաթրս առնելու:
Պապս էդ օրվանից՝ ուրիշին դարդը պատմելուց հետո, մի տեսակ թեթեւացել էր, առաջվանը չէր:
... Ու ինձ, չգիտեմ ինչի, դուր եկավ վարդենիսցի պապի ադրբեջաներեն խոսելը: Այն ավելի խորքային բաների մասին էր, քան բուն ասվածի:

Հ.Գ. Անկեղծ ասած` առաջին պահին, երբ դեռ չգիտեի, որ դա որոշների մոտ կիքս է համարվել, նույնիսկ թվաց, թե քաղտեխնոլոգիա է կիրառվել. ասի` մալադեց. որոշել են աշխարհին ցույց տալ Սերժի հանդուրժողականության ողջ «բլեսկը»: