Բոլոր թեկնածուները խոսքները մեկ են արել` ընտրությունները կեղծվելու են


19:47 , 13 փետրվար, 2013

Նախագահի թեկնածուներից Արման Մելիքյանը հայտարարում է, որ արդեն այժմ կարելի է համարել, որ ընտրությունները կեղծված են, և ինքը չի գնալու ընտրությունների, մյուս թեկնածու Անդրեաս Ղուկասյանը մոտ մեկ ամիս է հացադուլի մեջ է գտնվում և այս ամբողջ ընթացքում հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են և «ոչ կեղծված ընտրություններին». թեկնածուներից Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրությունները նախապես կեղծված են և դուրս եկավ ընտրապայքարից: Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հայտարարում է, որ չի շնորհավորելու Սերժ Սարգսյանին, քանի որ արդեն այսօր կարելի է պնդել, որ նախագահական ընտրությունները կեղծված են: Թեկնածու Պարույր Հայրիկյանը մահափորձի է ենթարկվում ու դիմում ՍԴ ընտրությունները հետաձգելու պահանջով, այնուհետև մի քանի ժամ չանցած ետ վերցնում իր դիմումը` գործող նախագահի տեսակցությունից հետո: Նախագահի մյուս թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ նախագահական ընտրություններից հետո իրեն կձերբակալեն Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի համար, ու նա նույնպես պնդում է, որ այս ընտրությունները կեղծված են: Թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ քանի տոկոս ուզեմ կխփեմ. կուզեք 90, 80, 70, 60: Թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, սակայն նախադեպ ունենալով նախորդ ընտրությունները՝ կարող ենք ասել, որ նա ներկա կգտնվի Սերժ Սարգսյանի ինագուրացիային, կապ չունի այդ ընթացքում Սերժ Սարգսյանը քանիսին կխփի` 10, 60, 70, 80... Հիմա ես չեմ, դուք եք, ասացեք խնդրեմ աշխարհում սրանից ավելի օրինակարգ ընտրություն հնարավո՞ր է պատկերացնել, եթե 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները այս կամ այն կերպ հայտարարում են, որ ընտրությունները կեղծված են: