Ասում են` Արթուր Բաղդասարյանն արհմիություններին այս ճղճիմ վիճակից հանելու է


12:16 , 13 փետրվար, 2013

Հարգելի ընթերցող, արտասահմանյան դեղին էջերին բնորոշ «Ասում են, թե..» երևույթը շատ անգամ շատ փակագծեր է բացում: Հասարակությանը բնորոշ է ելնելով համապատասխան առկա նախադրյալներից կանխատեսել այն, ինչ դեռ իրականություն չէ, սակայն մեկ օր շուտ կարող է իրականություն դառնալ: Ինչպես «պրակտիկան» ցույց է տալիս, մեծամասամբ «ասում են թե»-երը, ինչպես կանոն, դառնում են իրականություն: Եվ այսպես, երբ իմ մտերիմներից մեկին հարցրի՝ գործում է արդյոք իրենց մոտ արհմիությունը, նա ծիծաղելով պատասխանեց. «Դու չգիտես, որ ես Ն…օլիգարխի մոտ եմ աշխատում, ինչ արհմիություն, մենք ո՛չ ԱՄՆ-ում ենք, ո՛չ էլ եվրոպական երկրներում, չնայած ՌԴ-ում էլ արդեն նրանց մեծ նշանակություն են տալիս: Սակայն սպասիր, եթե չեմ սխալվում այն օրը տղերքը ասում էին, որ ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանը որոշել է ռիսկի գնալ և աջակցել արհմիություններին իրականում կայանալու գործընթացում….»: Ճիշտն ասած, ուշադիր լսելուց հետո սկսեցի ակամայից ինքս ինձ հարցեր տալ`
1. Հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Արթուր Բաղդասարյանը գնա այդպիսի քայլի, չէ՞ որ դրանով նա կհայտնվի օլիգարխների կողմից «ատելության» հարթության մեջ:
2. Չէ՞ որ մարտունակ արհմիությունները լուրջ գործոն կարող են դառնալ տեղերում անարդարության և անհավասարության հաղթահարման գործընթացում:
3. Կցանկանա՞ արդյոք Արթուր Բաղդասարյանը սկիզբ դնել մի այնպիսի շարժման, որը, ինչպես արտասահմանում, այնպես էլ այստեղ բացեիբաց ի հայտ կբերի երկրում առկա շատ բացասական երևույթներ:
4. Նույնիսկ եթե նա գնա այդ քայլին, ի վիճակի՞ է արդյոք մինչև վերջ սատարել արհմիութենական նորահայտ լիդերներին, որպեսզի նրանց հետ սեփականատերերը հաշվեհարդար չտեսնեն:
5. Ի՞նչ դիրք կբռնի ՀՀ նախագահը այս հարցի շուրջ ծագող աղաղակող քննարկումների ժամանակ, կողջունի՞ արդյոք նա ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի հնարավոր քայլը:
6. Ի՞նչ ուժեր կսատարեն իրեն….
7. Ի՞նչ լրացուցիչ օրենքի նախագծերով հանդես կգա ՕԵԿ-ի պատգամավորական ֆրակցիան այս կարևորագույն հարցում:
8. Ամբողջությամբ գիտակցո՞ւմ է արդյոք նա, որ այդ դաշտը բաց է, և աշխատավորները իրենց իրավունքի պաշտպանության տեսակետից վտանգված են մեն-մենակ «կռիվ» տալու սեփականատիրոջ հետ:
9. Կարո՞ղ է նա իր վրա ստանձել մարդու իրավունքների պաշտպանի դերը այս հարթության մեջ: Քանզի պաշտպանը այս հարթության մեջ, ըստ օրենքի, մուտք չունի, համոզվելու համար կարելի է բացել իրենց «բուկլետները» և կարդալ «Երբ չդիմել պաշտպանին» պատուհանը, որտեղ սևը սպիտակով գրված է` «…եթե բողոքը ուղղված է մասնավոր ընկերությունների կամ անձանց գործողությունների դեմ»:
10. Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, այսօր Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ, ընդգրկված լինելով մասնավոր սեկտորում, զրկված է մարդու իրավունքների պաշտպանությունից, և ո՞վ պետք է նրան սատարի, եթե ոչ արհմիությունները:

Ես հասկանում եմ, որ շատերը այս հոդվածը կարդալուց կակնարկեն` այ եղբայր, ի՞նչ ես ծովը չտեսած բոբիկանում, նա սկսեց….. դու էլ հիմա ինքդ քեզ հարցեր ես տալիս, պետք չէ այդքան միամիտ լինել…: Սակայն ես, այնուամենայնիվ, մնում եմ այն կարծիքին, որ ՕԵԿ-ի նախագահի կամայական հատկանիշները, չնայած այն հանգամանքին, որ նա այսօր ՀՀ նախագահի ամենազդեցիկ «ֆիգուրներից» մեկն է, թույլ են տալիս մտորելու տեղիք տալ, որ նա ընդունակ է համարձակ ոչ օրդինար քայլերի:
P.S.-Ավարտելով կցանկանայի նկատել, որ անգամ եթե Արթուր Բաղդասարյանը հնչեցնի այս բոլոր բարձացված հարցերը, դա արդեն մեկ քայլ կլինի մասնավոր սեկտորում անարդարության հաղթահարման ուղղությամբ: Եվ չպետք է մոռանալ, որ նա թե՛ դպրոցների և մանկապարտեզների առք ու վաճառքի հարցում, թե՛ ավանդների, թե՛ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» և նմանատիպ շատ հարցերում միշտ հանդես է եկել ի շահ սովորական մարդկանց, և չգովաբանել նրա այդ համարձակ քայլերը ճիշտ չէր լինի մեր կողմից: 
Անձամբ ես հավատում եմ այս «Ասում են թե»-ին: