18:40 , 12 փետրվար, 2013
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը որպես քաղաքական գործոն ազդեցիկ չէ (Epress): Բացի այն, որ դեռ պարզ չէ, թե ինչ ձևով կամ մեթոդաբանությամբ է Լ. Զուրաբյանը չափել Բագրատյանի ազդեցիկ լինել կամ չլինելը, վերջինս, կարծես թե, նման որակումներ թույլ տալուց առաջ առհասարակ հաշվի չի առել այն պարզ հանգամանքը, որ Հրանտ Բագրատյանը շարունակում է իր գլխավորած խմբակցության ներկայացուցիչը հանդիսանալ: Հասկանալի է, որ դեռևս դեկտեմբերյան թեժ օրերին ՀԱԿ-ում գրեթե բոլորը բոլորի դեմ «պատերազմ սանձազերծեցին», սակայն գոնե ԱԺ-ում Զուրաբյանը և Բագրատյանը մեկ թիմ են ներկայացնում՝ ՀԱԿ խմբակցությունը, նստում կողք կողքի: Չեմ կարծում, թե պահի անհրաժեշտությունը կամ քաղաքական իրադարձությունների զարգացումը բերել էր մի այնպիսի հանգրվանի, որ Զուրաբյանը ստիպված էր գնահատական տալ Խորհրդարանում իր թիմակցի ազդեցությանը կամ դրա բացակայությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ նախընտրական քարոզարշավը եզրափակիչ փուլ է թևափոխել, իսկ թեկնածուները վճռական «գրոհների են նետվում», ապա կարելի է փաստել, որ այս իրավիճակում Զուրաբյանը, իր թիմակցի «ոտքը տրորելով», վերջինիս կրկնակի հարված է հասցնում: