18:12 , 12 փետրվար, 2013
Սերժ Սարգսյանը, անխոսք, բոլորից լավ է տեղյակ, թե իր կոլեգա Ֆրանսուա Օլանդը ինչպիսի կտրուկ քայլերի է գնում, որպեսզի բարելավվի Ֆրանսիայի անապահով խավի կյանքը: Սերժ Սարգսյանը բոլորից լավ է հասկանում, որ նույն Ֆրանսուա Օլանդը հանուն երկրի անապահովների վտանգում է իր հանգիստ կյանքը և հակամարտության մեջ է մտնում հարուստ կլանների հետ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկած հարկի ներդրումը հարուցել էր Ֆրանսիայի շատ հարուստների զայրույթը, և շատերը ստիպված էին հեռանալ Ֆրանսիայից: Հարկ է նշել, որ ի պատիվ իրեն նա չի մոռանում, որ հաղթել է սովորական ֆրանսիացիների աջակցության շնորհիվ և նրա համար գերակայողը անապահով ֆրանսիացիների ճակատագիրն է: Օլանդին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես կընդունեն և կմեկնաբանեն իր որոշումը մի խումբ հարուստներ: Նրան նույնիսկ չի մտահոգել այն փաստը, որ այդ որոշումից հետո Ֆրանսիայի ամենահարուստ մարդը` LMVH ընկերության ղեկավար, 63-ամյա Բեռնար Առնոն որոշել էր դառնալ Բելգիայի հպատակ եւ դիմում էր ներկայացրել խորհրդարանական հանձնաժողովին: Ըստ Օլանդի՝ Ֆրանսիայում տարեկան 150 հազար եվրոյից բարձր եկամուտ ունեցողները պարտավոր են լինելու պետությանը 45% հարկ վճարել, իսկ 1 մլն եվրոյից բարձրի դեպքում՝ 75%: Ընդ որում, հաշվի չի առնվում մարդը եկամուտներն աշխատավարձո՞վ, թե՞ կապիտալից է ստանում: Հիմա եկեք վերադառնանք Հայաստան և մեկնաբանենք վերոհիշյալ հարկային բարեփոխումը մեր` հայկական տեսանկյունից: Հարգելի ընթերցող, փորձենք միասին պատասխանել այս հարթությունում ծագող հետևյալ հարցերին`
• Ըստ հայկական չափորոշիչների` համամարդկայի՞ն է արդյոք Օլանդի վերոհիշյալ կտրուկ որոշումը, թե՞ քանզի այն միանգամից խփում է որոշ օլիգարխների, կարելի է համարել տոտալիտար:
• Անհրաժեշտության դեպքում կգնա՞ արդյոք Սերժ Սարգսյանը այսպիսի քայլի:
• Ինչպե՞ս կարձագանքեն հանրապետականները նման առաջարկին:
• Ի՞նչ կտա այդպիսի որոշումը շարքային քաղաքացուն:
• Բացի օլիգարխներից և հարուստներից ո՞վ դեմ կլինի այս ենթադրվող որոշմանը:
Ավարտելով կցանկանայի տալ հարցերի հարցը` նույնիսկ եթե Հայաստանի համար այսպիսի «ֆանտաստիկ» որոշում ընդունի ՀՀ նախագահը, կմտնե՞ն արդյոք հարկային դաշտ վերոհիշյալ օլիգարխները, թե՞ ոչ…..
P.S -ԻՆՉՈ՞Ւ ՕԼԱՆԴԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԶԳԱՆՊԱՍՏ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ, ԻՍԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ…