ՀԱԿ-ից արդեն հիասթափվել եմ, Զուրաբյան Լևոնին չեմ հավատում, բայց «ՀԱԿ»-ի Tatoon վրայիցս երբեք չեմ մաքրի


17:43 , 12 փետրվար, 2013
Կոշիկի դիզայներ

ՀԱԿ-ին հավատում էի… ժամանակին հավատում էի: Վստահ էի, որ եթե իշխանության գա, շատ բան կփոխվի Հայաստանում: Գիտեի, որ շատ թերություններ ունի, ՀՀՇ-ի սխալներն ու թերացումները տեսել էի, բայց հավատում էի ու կողքին կանգած էի: Հավատում էի, ոչ թե իմ, քո, ընտանիքիս համար, այլ ժողովրդիս համար: Պատրաստ էի ցանկացած բանի վրա աչք փակել, միայն թե իշխանափոխություն լինի: Մարտի 1-ին Ազատության հրապարակում էի: Ես ՀԱԿ-ի ամենամոլի մարտիկն էի, ով կյանքը կտար նրա համար: 
Իսկ հիմա հիասթափվել եմ: Ես ու իմ շատ ընկերները էլ ՀԱԿ-ից չենք: Պատճառը… շատ գրագետ չեմ ու ճիշտ ձևակերպել գուցե չկարողանամ: Պարզապես ասեմ, որ հաջողություն գրանցելու հավատը փախավ: Ու թող որ ՀԱԿ-ի նավը լքածներին պիտակավորում են, բայց թող որևէ մեկը փորձի ինձ դավաճան կոչել: Չէ, ես դավաճան չեմ, ու ինձ անվանարկողը, երդվում եմ, պատասխան կտա:
Հիմա ՀԱԿ-ում միայն խոսում են: Զուր տեքստեր են, գործ չկա: ՀԱԿ-ականներն ասում էին, որ Արտաշես Գեղամյանը դհոլ է, բայց արդյո՞ք իրենց հիմա դհոլի տեղ չեն դնում: Պայքարը ոչ թե խոսքերով, այլ գործերով է լինում: Այլ երկրներում ընդդիմությունները 5-6 տարի փողոցում չեն գոռում: Փարաքյար չեն փակում… Հավաքվում են ու արագ իշխանափոխություն անում: 
Ու թող որ հիմա ասեն, որ ՀԱԿ-ը նորից հառնելու է ֆենիքսի նման, դառնալու է կուսակցություն ու այլ բաներ: Ես չեմ հավատում դրան: Ես ՀԱԿ կուսակցության հետևից չեմ գնա: Բայց ի՞նչ կապ ունի անունը: Հիմա եթե ԲՀԿ-ն իր անունը Աշոտ դրեց, բա՞ն է փոխվելու դրանից: Հիմա կարծես թե Լևոն Զուրաբյանն է ՀԱԿ-ն առաջնորդելու: Նոնսենս: Առանց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ չկա: Զուրաբյան չէ, ով ուզում է թող լինի: Զուրաբյանն ինձ հետաքրքիր չի, որպես քաղաքական ֆիգուր հետաքրքիր չի:

Հ.Գ. Tatoos երբեք չեմ մաքրի: