Եթե իմանայի
18:01 , 6 օգոստոս, 2016
Եթե իմանայի, որ իմ գնալուց
պիտի մի անշողք, անստվեր մի հուշ
քեզ հետ համընթաց քայլեր ամենուր,
հետևեր քեզ լուռ,
կմնայի թերևս:
Եթե հասկանայի, որ քո գիշերում
դարձել եմ անթև, սողացող մի մութ,
որ քո սիրատենչ հոգու բաց գրկում
հառաչ եմ ցավոտ ու տանջանք անգութ,
Կգրկեի քեզ տաք ու սիրագալար,
կսպասեի մինչև բացվող առավոտ։
Եթե իմանայի, թերևս մնայի,
ու կմահանայինք
դու՝ իմ մթնած հայացքի մեջ,
ես ՝ քո վառվող մուգ աչքերում:
Կարոտ դարձող համբույր թողած՝
դու՝ իմ խամրած սև այտերին,
ես՝ քո ջերմող, տաք շուրթերին
ու ցուրտ սրտում։
Եթե իմանայի...
Հիմա ես իմ անքեզ կյանքում
դու՝ քո մտքում երազավառ
նոր երկինքներ ենք երկնում,
նոր լուսաբաց արևավառ,
որտեղ իմ հին իմացածից,
սխալ, կիսատ հասկացածից,
քո չասածից, թաքցրածից,
ողջ անցածից մնացել է զուտ երկու բան․
Մնացել ենք
դու՝ իմ մթնած հուշերի մեջ,
ես ՝ քո փակված հեռուներում: