Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի քաղաքացի՝ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով


10:45 , 6 օգոստոս, 2016

Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի քաղաքացուհի՝ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով: Այս մասին հայտնում է Sueddeutsche Zeitung պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն տեղյակ է դեպքի մասին: ԱԳՆ-ում հայտնել են, որ Անկարայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները մի քանի օր է՝ փորձում են կապվել ձերբակալված հետ, սակայն ապարդյուն:

Ձերբակալման պատճառ է դարձել այն, որ կնոջ տանը հայտնաբերել են գրքեր, որոնք իբր ցույց են տալիս Գյուլենի շարժման հետ նրա կապերի առկայությունը կամ մասնակցությունը: Ներկայում ձերբակալվածի ինքնության կամ նրա երկքաղաքացիության մասին չի հաղորդվում: Նաև անհայտ է՝ նա Թուրքիայում է եղել այցո՞վ, թե՞ այնտեղ է ապրել մշտական հիմունքներով: