15:56 , 5 օգոստոս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ Հարեքեթի» շարժման դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կազմից հեռացվել են 300 աշխատակիցներ:
Այս մասին, TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն անհրաժեշտություն է անվանել ԱԳՆ շարքերում Գյուլենի կողմնակիցների զտումները: Նա ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանում Թուրքիայի հյուպատոսության մի դիվանագետ-աշխատակից, որը կապված է եղել Գյուլենի «ահաբեկչական» կազմակերպության հետ, փախել է Ճապոնիա:
«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային, հաղորդել է, որ հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, Թուրքիայում ձերբակալվել են մոտ 26 հազար մարդ: Ներկայում կալանման մեջ են գտնվում 13 419 կասկածյալներ, 74 562 քաղաքացու անձնագրեր չեղյալ են հայտարարվել:
Պաշտոնական տվյալներով` Թուրքիայում հեղաշրջման փորձի ճնշման ժամանակ սպանվել են 238 մարդ, 2 917 մարդ վնասվածքներ են ստացել: Մոտ 60 հազար մարդ պաշտոնից հեռացվել են չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: Ֆեթուլլահ Գյուլենը ժխտում է ռազմական հեղաշրջմանն իր մասնակցությունը եւ գտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով:
Եգիպտոսի հեղինակավոր El Ğad հեռուստաալիքին տված հարցազրույցում Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ «Արեւմուտքը պետք է միջամտի Թուրքիայի գործերին եւ տապալի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը»
«Արեւմուտքն անհապաղ պետք է միջամտի իրավիճակին եւ տապալի իշխանությունը Թուրքիայում», -ասել է նա:
Գյուլենը հայտնել է, որ եթե ԱՄՆ-ը համաձայնվի իրեն Թուրքիա արտահանձնելու Անկարայի հորդորներին, ապա ինքը կմեկնի Եգիպտոս: Գյուլենն ասել է, որ Թուրքիայում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: