Կյուրեղյանների մայրն ազատ արձակվեց, բայց՝ ժամանակավորապես


14:34 , 5 օգոստոս, 2016

Կյուրեղյանների մայրն ազատ արձակվեց, բայց՝ ժամանակավորապեսArmtimes.com-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ եւ Սերգեյ Կյորեղյանների մայրն ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից: Մեզ հետ զրույցում տիկին Նվարդն ասաց, որ իրեն ազատ են արձակել ստորագրությամբ, որ այսօր 19:30-ին, կրկին ներկայանա նույն բաժին:

«ՄԻՊ գրասենյակից աշխատակիցներ եկան Մաշտոցի բաժին, ասացին, որ առանց ծանուցագրի ինձ իրավունք չունեին բերման ենթարկել: Ինձ ծանուցեցին, որ ժամը 19:30-ին ներկայանամ ու ազատ արձակեցին»,- նշեց տիկին Նվարդը:

Մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակով էին բերման ենթարկել՝ Կյուրեղյանների մայրը նկատեց. «Կեղծ մեղադրանք, որ հուլիսի 17-ին շենքի մոտից բերման են ենթարկել դանակներով: Գրել են, որ այդ օրը 18:00-ին են բերման ենթարկել ինձ, բայց դա այդպես չէ, իրենք ինձ ժամը 08:30 էին բերման ենթարկել՝ մեր տան միջից: Այդ պահին ես դեռ նույնիսկ տեղյակ չէի «Սասնա ծռեր» խմբի գործողության մասին: Նրանք այդ օրն առանց խուզարկության իրավունքի փորփրեցին մեր դարակները, դարակի միջից հանեցին Արեգի զինվորական ուսապարկը, որի մեջ նրա բոլոր ատրիբուդներն էին: Ինձ զոռով, քարշ տալով տարան ոստիկանություն՝ ուսապարկն էլ հետս: Ես նույնիսկ չգիտեի այդ ուսապարկի մեջն ինչ կար»:

Մեր դիտարկմանը, որ իր ամուսնու պատմելով իր պայուսակի մեջ են դանակներ դրել՝ տիկին Նվարդը պատասխանեց. «Ոչ, իրենք այդ ուսապարկը տարել են, ասում են ձեզ հրավիրել ենք, այդ ուսապարկով եկել եք: Ասում եմ նորմալ մարդը զինվորական ուսապարկով կգար ոստիկանությո՞ւն»:

Մեր հարցին ի պատասխան տիկին Կյուրեղյանը նշեց, որ պատրաստվում է երեկոյան ժամը 19:30-ին կրկին ներկայանալ ոստիկանության Մաշտոցի բաժին: