14:26 , 4 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Հրանտ–Մելիք Շահնազարյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ օգոստոսի 10-ին կայանալիք Սարգսյան–Պուտին հանդիպման նախաձեռնող կողմը հենց Հայաստանն է։ Ըստ նրա՝ հանդիպումը կայանալու է հայկական կողմի խնդրանքով, ինչը նաև նշանակում է, որ քննարկվելու են պաշտոնական Երևանին հուզող հարցեր։
- Պարոն Մելիք-Շահնազարյան, տպագիր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում պիտի կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Մինչդեռ նախօրեին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստան է մեկնելու միայն օգոստոսի 10-ին և այնտեղ հանդիպելու է միայն Վ. Պուտինի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը։
–Հայտնի փաստ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև միջնորդ երկրների ղեկավարները, ամեն ինչ անում են բանակցային գործընթացը հնարավորինս շուտ վերսկսելու և ղարաբաղյան խնդրին խաղաղ լուծում գտնելու համար։ Սակայն սա բարդ գործընթաց է, որը հաջողությամբ ավարտելու համար մի շարք գործոններ են պետք։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է հակամարտող կողմերի` հատկապես Ադրբեջանի պատրաստակամությանը։ Ցավոք, վերջին առնվազն երկու տարիների զարգացումները, ինչպես նաև Ալիևի վարչակազմի ներկայիս պահվածքը, ցույց են տալիս, որ խաղաղ կարգավորման հեռանկարներն այդքան էլ հուսադրող չեն։ Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի եռակողմ հանդիպմանը, ապա դա վերաբերում է ոչ թե Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչափին, այլ Պուտին-Ալիև-Ռոուհանի հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում։ Հավանաբար, ինչ-որ շփոթություն է տեղի ունեցել, որի արդյունքում հայկական որոշ լրատվամիջոցներ սպասում էին ոչ թե հիշատակված հանդիպմանը, այլ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական գագաթաժողովին։ Մինչդեռ, որքան ես գիտեմ, այս երկրորդ հանդիպման օրն ու վայրը դեռ հստակեցված չեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ