Մեծացել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հավանականությունը. Մայքլ Ռուբին


09:00 , 3 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում մեծացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը, համոզված է «American Enterprise Institute » հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարևոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը։

«Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երևանի նկատմամբ»,– նրա խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետևանքներ ունենալ. «Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը»:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը։ «ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետև այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է և չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ