Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել


08:40 , 3 օգոստոս, 2016

Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ հերթական բալիստիկ հրթիռն է արձակել՝ հայտնում է «Յոնհապ» գործակալությունը։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեից հայտնել են, որ արձակումն իրականացվել է Հվանխե-Նամդո նահանգում տեղի ժամանակով 7:50-ին։

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը գրանցել է միաժամանակ երկու բալիստիկ հրթիռի արձակում: Դրանցից մեկը պայթել է օդում արձակումից անմիջապես հետո, երկրորդ թռել է երկրի տարածքի վրայով և ընկել Ճապոնական ծովը՝ հայտնում է հրամանատարությունը՝ նշելով, որ հրթիռները ենթադրաբար եղել են միջին հեռահարության։

Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բյոն Սեի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից ներկայիս փորձարկումը հաստատում է Հարավային Կորեայում նորագույն ամերիկյան հակահրթիռային THAAD համակարգերի տեղադրման անհրաժեշտությունը։