14:30 , 2 օգոստոս, 2016
Պաշտոնական Անկարան չափավոր իսլամական գաղափարախոս, «Հիզմեթ հարեքեթի» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ հայցն է ուղարկել Միացյալ Նահանգներ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Նշվում է, որ արդարադատության նախարարության կողմից պատրաստված երկրորդ հայցում կան ապացույցներն այն բանի, որ Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված նախաձեռնության հեղինակը Գյուլենի ղեկավարած կազմակերպությունն է:
Նոր փաստաթղթերով թուրքական կողմն ամերիկյան իշխանություններից պահանջում է Գյուլենին արտահանձնել Թուրքիա:
Հուլիսի 15-ի երեկոյան զինվորականները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, սակայն մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին: