Ատելությունը, արյան ծարավը, «ռեժիմի շներին» սպանելու ցանկությունն ավելի շատ խմբի՝ ազատության մեջ գտնվող համակիրների շրջանում է


14:14 , 1 օգոստոս, 2016
«Նայե՛ք, թե ինչպես է խմբի ղեկավար (կամ էլ՝ ղեկավարներից) Վարուժան Ավետիսյանը շփվում իրավապահների հետ ու ինչպես են վերջիններս շփվում իր հետ։ Դա զրույց է։ Հանգիստ զրույց երկու մարդու միջև, ովքեր պարզապես հայտնվել են հակադիր կողմերում, բայց հարգանքով ու ըմբռնումով են վերաբերվում միմյանց։ Նայե՛ք, թե ինչպես է Մարտիրոս Հակոբյանը (խմբի ալեհեր պապիկը) շփվում ԱԱԾ աշխատակցի հետ՝ «Երևանի՞ց ես, բալե՛ս», ու ինչպես է ԱԱԾ աշխատակիցը պատասխանում իրեն՝ դիմելով «պապի»։ ԱԱԾականները հանգիստ ասում են, որ նախ մոտենան վիրավորներն ու առավել հոգնածները։ Ընդհանուր օգտագործվում է «տղերք» դիմելաձևը։ Այսինքն՝ «Սասնա Ծռերը» գնացել են այդ քայլին և այդքանով իսկ՝ տեր եղել իրենց խոսքերին։ Ճիշտ է՝ արդյունքում զոհվեցին մարդիկ, բայց «Ծռերը» չէին ցանկանում սպանել և հանձնվեցին։ Ու իշխանություններն էլ նրանց չէին ուզում սպանել, դրա համար էլ՝ գրեթե բոլոր վիրավորները ոտքից են։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Ատելությունը, արյան ծարավը, «ռեժիմի շներին» սպանելու ցանկությունն ավելի շատ խմբի՝ ազատության մեջ գտնվող համակիրների շրջանում է, քան հենց խմբի անդամների շրջանում։ Հետաքրքիր է, որ խմբի անդամներն ավելի պակաս արմատական են, քան նրանք, ովքեր կոչ են անում սպանել՝ չձեռնարկելով, սակայն, փաստացի քայլեր։ Խմբի անդամներն ավելի պակաս արմատական են, քան նրանք, ովքեր հայ ուժայիններին անվանում են «թուրքեր»՝ փորձելով այդպիսով լեգիտիմացնել նրանց սպանությունը։ «Սասնա Ծռերի» անդամներն ուղղակիորեն ասում են՝ «մեր դիմաց հայեր են, մենք չենք ցանկանում արյուն հեղել»։ Իսկ այ նրանց «կողմնակիցները» կոչ էին անում սպանել, արյուն թափել։
Իսկ մի՞գուցե դրանք ընդհանրապես կողմնակիցներ էլ չեն։ Ինչևէ, կարևորը… որ այլևս ոչ ոք չմահացավ։ Ազդանշանն ստացված է։ Հիմա դարձյալ դասեր քաղելու ժամանակն է։ Միայն թե կարևոր է, որ դասերը «չքաղվեն» ու «թողնվեն գետնին»»…
Artur Araratyan