11:41 , 31 հուլիս, 2016
Արդեն 15-րդ օրն է «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել Ոստիկանության պարեկապահակային ծառայությանը գունդը: Խորենացի փողոցը շարունակում է փակ մնալ, իսկ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում ՊՊԾ գնդի հարակից տարածքներում:
Այսօր առավոտյան Խորենացի փողոցում իրավիճակը հսկում են թվով ավելի քիչ ոստիկաններ, ցուցարարներ չկան:
Այս գիշեր խաղաղ է անցել, Ոստիկանության ու «Սասնա ծռեր» խմբի միջև միջադեպ չի գրանցվել, խաղաղ ավարտ է ունեցել նաև «Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքը:
Երեկոյան «Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքը վարում էր «Ճգնաժամային նախաձեռնող» խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
«Ազատության» հրապարակում ելույթներից հետո երթի մասնակիցները որոշեցին փոխել երթի ուղղությունը և շարժվել դեպի Բաղրամյան պողոտա և փակել այն: Կարճ ժամանակով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան, դադարել էր երթևեկությունը:
Այնուհետև, ոստիկանության հորդորով պողոտայում հավաքված ցուցարարները գնացին «Ազատության» հրապարակ:
Երեկ, նախքան հանրահավաքի մեկնարկը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը:
Այսօրվա դրությամբ ՊՊԾ գնդի տարածքում շարունակում են պատանդ մնալ շտապօգնության ծառայության երկու բժիշկները: Tert.am-ի հետ զրույցում Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասել էր, որ երեք բժիշկներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանը, հուլիսի 30-ի երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո այլևս հետ չի վերադարձել գունդ և ազատության մեջ է:
Նշենք, որ հուլիսի 29-ին ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:
Այս կապակցությամբ կան կալանավորված անձինք: Երեկ կալանավորվել է նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ իրավիճակը, հատկապես, լարված էր հուլիսի 20-ին, երբ ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցան կոշտ բախումներ, կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք քարեր ու «պուգաչներ» նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Այս գործողությունների հետևանքով հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում» և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեց 51 անձ՝ ոստիկաններ ու քաղաքացիներ, որոնց կյանքին, բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց, վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Անազատության մեջ պահվող ոստիկաններին ազատ արձակելուց 1 օր առաջ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության և Քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու և կոչ արեց զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:
ՊՊԾ գունդը գրաված խմբի հիմանական պահանջը մնում է նույնը՝ իշխանությունների հրաժարական, ինչպես նաև՝ հնչեցված առաջին պահանջը` Ժիրայր Սեֆիլյանի և մնացած բոլոր «քաղբանտարկյալների» ազատ արձակումը: