Ապակե անկում


00:56 , 10 փետրվար, 2013

Առավոտյան ժամը վեցն է, չգիտեմ էլ ինչու եմ այսքան շուտ աչքերս բացել: Դեռ արևի չնչին շողեր իսկ չկան, բայց բուռն ցանկություն կա լքելու անկողինը: Դասերին դեռ երկու ժամ կա, բայց ուզում եմ շուտ ներքաշվել առօրյայի մեջ: Լոգարան եմ շտապում. ինչքան արագ դեմքս սառը ջրով շփեմ, այնքան ավելի արագ կկարողանամ առույգանալ: Ջուրը բավականին սառն է, և շուտով կկարողանամ մտնել իմ առօրյայի մեջ:
Չեմ սիրում լոգարանի սալիկները. դրանք սառը մթնոլորտ են հաղորդում միջավավայրին: Իրոք որ անտանելի սառնություն եմ զգում, կարծես սառցեպատ սենյակ լինի:
Աչքերիս դիմաց հայելին է, երկար զննում եմ ինձ, տարբեր դեմքի ծամածռություններ եմ անում, միգուցե հենց ինձ հաջողվի իմ իսկ դեմքին ժպիտ պարգևել:
Հոգնածություն եմ զգում, մի անտանելի հոգնածություն, որը կամաց ինձ իր գիրկն է քաշում: Անտանելի զգացողություն է, պառկել եմ ուզում: Աչքերս ոչինչ ցույց չեն տալիս, ոչինչ, ամեն ինչ աղավաղված է ինձ երևում:
Աչքերս բացեցի, հատակին եմ, սառը ու չոր հատակին՝ լոգարանի սալիկներին պառկած, գլուխս այնքան ուժգին է ցավում, որ ցավ չեմ զգում: Գլուխս փորձում եմ շարժել, ապակու կտորներ են ծոծրակս ծակում:
Ապակե տարաների վրա եմ ընկել, տարաները փշուր-փշուր են եղել, և ես հիմա ապակե կտորտանքների վրա եմ պառկած, կարծես ոչինչ էլ չի եղել: Չգիտեմ ինչքան այսպես պառկած մնացի, բայց երբ կանգնեցի, ցավը տեղի տվեց: Ամբողջ մարմինս կարծես մասերի բաժանված լինի, գլուխս չեմ կարողանում ուսերիս վրա պահել:
Կրկին ընկա ու լսեցի մարմնիս ծանրությոան հարվածի աղմուկը: Ես տեսա, թե ինչպես իմ աչքի առջևով անցավ մահը, ձեռքը ինձ մեկնեց, բայց հրաժարվեցի, չգիտեմ էլ, թե ինչը հետ պահեց:
Արագ վեր կացա ու վազեցի ինչքան ուժ ունեի, որովհետև եթե այս անգամ էլ ընկնեի, արդեն մահն ինձ կտաներ՝ առանց իմ համաձայնության:
Ցանկացա այնուամենայնիվ դպրոց գնալ, ընկերները կխոսեն դատարկ թեմաներից, ես էլ կներքաշվեմ խոսակցության մեջ ու կմոռանամ կատարվածը:
Ռուսերենի դաս է...