Այսօր Աղդամի ազատագրման 23-րդ տարին է


18:00 , 23 հուլիս, 2016

ՊԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ՊՊՊ)

Այսօր Աղդամի ազատագրման 23-րդ տարին է։ Աղդամից 1 ամիս առաջ ազատագրվել էր Մարտակերտը։ Իսկ ապրիլին ազատագրվել էր Քյալբաջարը՝ նախկին ԼՂԻՄ-ից դուրս առաջին մեծ շրջանը, ուր ոտք դրեց հայ զինվորը։ Էլչիբեյը վատ դրության մեջ էր։ Նախիջևանում գտնվող Հեյդար Ալիևը՝ դեռ Սովետից իրեն ենթակա ու Նախիջևանում ամրապնդած գործակալական ցանցի միջոցով փաստացիորեն կազմալուծեց Էլչիբեյի իշխանությունը՝ օգտագործելով ձախողված պատերազմի խաղաքարտը։ Ու հողը փախավ Էլչիբեյի ոտքերի տակից այն աստիճան, որ վերջինս ստիպված եղավ հունիսին անձամբ Բաքու հրավիրել Ալիևին։ Հետո Ալիևը դարձավ երկրի նախագահ՝ առանց ընտրություն, առանց բան։ Դրա կարիքը չկար էլ, ժողովուրդը սիրում ու սպասում էր Ալիևին։ Հետո Ալիևը գնդակահարեց ու բանտ նետեց մի քանի տասնյակ գումարտակներ, որոնք կռվում էին ռազմաճակատում, ու որոնք ժամանակին հավատարիմ էին Էլչիբեյին ու իր կուսակցությանը՝ Ժողովրդական ճակատին։ Հետո մերոնք դրա շնորհիվ ազատագրեցին Աղդամը, հետո արդեն՝ Ֆիզուլին, հետո արդեն՝ Ջաբրայիլը, ինչու չէ՝ նաև Ղուբաթլուն ու Զենգիլանը։ Հետո Ալիևը, ավարտելով բանակն անցանկալիներից մաքրելու պրոցեսը, հավատարիմ մնացածներին գումարեց վարձկաններ, ու փորձեց հետ բերել կորցրածը։ Արդեն ձմեռ էր, ուշ ձմեռ։ Ալիևը պարտվեց, հողերը մնացին մեզ, Ալիևը համաձայնեց հրադադարի, ու 22 տարի ոչինչ չի փոխվել։
Կարող եք փոխել միայն անունները, տեղանունները՝ թողնել նույնը, ու կստանաք մի իրավիճակ, որը հաստատ չեք ուզի ստանալ։