Անի Նավասարդյանն էր, որ երեկ, երբ ուղղակի աչքի առաջ ու ակնհայտորեն վիճակը շարունակաբար լարվում էր


15:20 , 21 հուլիս, 2016
Բայց ի՜նչ հետաքրքիր է ստացվում… (1)
Չէ, իրոք, շա՜տ հետաքրքիր է ստացվում, երբ փորձում ես, սառը ու անհույզ նայել դեպքերի ընթացքին, դրանց, այսպես ասեմ՝ «մեխանիկային»: Իհարկե, որքան հնարավոր է՝ սառը և անհույզ, որովհետև ինչ-որ հեռու և օտար տարածքի մասին չէ խոսքը, այլ քո, իմ, բոլորիս երկրի, Հայրենիքի, պետության:
Կոնկրետ:
Երեկ, ժամը 22-ի սահմաններում, Խորենացու փողոցում «ակտիվիստները» ագրեսիվ վարք դրսևորեցին ու նախահարձակ եղան ոստիկանության ծառայողներից կազմված պատնեշի վրա (քարեր, այլ առարկաներ նետել, հարվածներ և ուղղակի հարձակում՝ պատնեշը ճեղքելու ընդգծված մտադրությամբ և այլն): Ով աչք ուներ՝ տեսավ, ով չի տեսել, կարող է տեսանյութն անարգել դնել-նայել-համոզվել:
Այն, որ դեպքերն ու իրադարձությունները բախումնային հունով գնացին, կանխատեսելի էր: Բայց դա ակնհայտ էր նաև դրանից մի երկու ժամ առաջ արդեն, երբ նիհար կազմվածքով մի օրիորդ, ինչպես հետո պարզվեց՝ վերջին տարիներին (օրինակ, 2014-ին) որոշ հասարակական ակտիվություն դրսևորած Անի Նավասարդյանը, բացահայտորեն հրահրում և իր «ը-ը՜-ը»-առատ ելույթներով լարվածության մղող հայտարարություններ անում:
«Լեգենդը» հետևյալն էր. ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամներն ու պատանդները սննդի խնդիր ունեն, սոված են, նրանց սնունդ է պետք փոխանցել, սնունդ հավաքենք, ոստիկաններից պահանջենք՝ թույլ տան, անցնենք, սնունդը փոխանցենք:
Այստեղ չեմ խոսի այն մասին, թե նման «ձգձգվող» պատանդառության դեպքերում նման հարցերն էդպես՝ «միտինգային» չեն լուծվում: Առավել ևս այս դեպքում, երբ իրավապահների ու ՊՊԾ գունդը գրավածների միջև բանակցություններ են ընթանում: Միաժամանակ, տարօրինակ պիտի նկատել, որ էս 4-5 օրվա մեջ այնպիսի պրիմիտիվ հարց, ինչպիսին է ուտելիք և ջուր փոխանցելը, դարձել է մի յեսիմ ինչ: Ինչևէ:
Նշված Անի Նավասարդյանն էր, որ երեկ, երբ ուղղակի աչքի առաջ ու ակնհայտորեն վիճակը շարունակաբար լարվում էր, իսկ հավաքված բազմությունն էլ՝ ագրեսիվանում, ահա այդ պայմաններում նա հայտարարեց, թե վերջնաժամկետ են սահմանում ոստիկանության համար, եթե մինչև 22:00-ն իրենց չթողնեն, որ սնունդը փոխանցեն, իրենք կդիմեն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:
Վերջնաժամկետը լրացավ, հավաքվածները բավականին կազմակերպված «զատվեցին», կանայք ու աղջիկները (լավ է գոնե էդքան խելք բանեցրին) անցան հետ, առաջին շարքեր եկան ագրեսիվ տրամադրված, նաև բավականին պատրաստված ու համաձայնեցված գործող «երիտասարդ ակտիվիստները»:
Ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող, կարգի հրավիրող հորդորները, պարզ է՝ լսող չեղավ: Իսկ մի երկու րոպե անց սկսվեց հարձակում ոստիկանական պատնեշի վրա: Բնականաբար, ոստիկանությունը դիմեց հակաքայլերի, կարճ ասած՝ իր տրամադրության տակ եղած հատուկ միջոցների գործադրմամբ, նախ՝ հետ մղեց այդ հարձակման ալիքը, ապա և «դեպքի վայրից» ցրիվ տվեց ագրեսիվ ու հարձակողական գործողությունների դիմած, խիտ երևացող, բայց ոչ մեծաթիվ բազմությանը: Նրանք, արդեն իսկ «խաղաղ ցուցարարներ» չէին, քանզի քարուփայտով հարձակվող «խաղաղ ցուցարար» չի լինում:
Բայց դա էլ դեռ մի կողմ:
Իսկ ի՞նչ եղավ Անի Նավասարդյանը:
Այսօր ահա, «Ազատությունից» տեղեկանում ենք, որ նրան այդ բախումից քիչ ժամանակ անց ոստիկանությունը «բերման է ենթարկել», որոշ ժամանակ անց բաց են թողել, և նա արդեն տանն է, ավելին՝ ֆեյսբուքյան գրառում է արել եղածի մասին, ու նշել (ուշադրություն), թե՝ երբ ինքն ասում էր, որ կդիմեն գործողությունների՜, նկատի է ունեցել, որ հավաքվածները գնան Տիգրան Մեծի պողոտա (!!!)…, այժմ ինքը տանն է, լավ է:
Հա, բա՝ լավ է: Ինչո՞ւ չպիտի լավ լինի: Իր առաքելությունը կատարել է, հիմա տանն է, լավ է:
Եթե նկատի ունենանք, որ Անի Նավասարդյանի մոտիկ ազգականներից մեկը զինված խմբի կազմում գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում, ապա միգուցե նաև հասկանալի կդառնա նրա արածի ու քայլերի մոտիվացիան:
Ու հիմա ոչ մեկը չի ասում՝ Անի Նավասարդյան, դուք ինչո՞վ էիք մտածում, երբ նաև ձեր ելույթներով, կոչերով նման վիճակի բերված բազմության մեջ վերջնաժամկետ էիք հայտարարում և սպառնում ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ դիմելով:
Ո՞ւմ հասկանալի չէ, որ նման դեպքում այս փողոցից այն փողոցը տեղափոխվելը ասված «գործողություն» չէ: Առավել ևս, մի փողոցից մյուսը անցնելու համար դիմացդ կանգնած ոստիկաններին վերջնաժամկետ չես ներկայացնում: Եվ էլի՝ ո՞ւմ պարզ չի, որ մի փողոցից մյուսը գնալու մասին այդ «վարկածը» նա հիմա ասում է՝ երեկ տեղի ունեցած այլանդակության պատասխանատվությունից պլստալու համար: Դե, հա, նա ի՞նչ մեղք ունի, որ «գործողությունների դիմելը» հավաքված ու քֆուր-քաֆարով, հետո արդեն քար ու փայտով ագրեսիան դրսևորող բազմությունը «մի քիչ» այն ձև չէ ընկալել:
Հա, ու մեկ էլ սկսվե՜ց՝ «ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց… ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց… ոստիկանությունը բերման ենթարկեց…»: Ոստիկանությունը, այս օրերին սխալներ ու նաև անընդունելի բաներ արել է (առաջինը նկատի ունեմ հուլիսի 17-18-ին «բերման ենթարկվածների» հանդեպ բռնություն գործադրելու մասին տեղեկությունները), բայց երեկ տեղի ունեցածը լրիվ ուրիշ «օպերայից» էր:
Հա ու էդքանի մեջ երեկ համարյա ոչ մի խոսք այն մասին, թե էդ ինչո՞ւ էդ ոստիկանությունը այս անգամ անցավ նման գործողությունների: Շարժառիթն ու դրդումը ո՞րն էր: Դե, որոշակի զրատվամիջոցների ձեռք չի տալիս, որ ասեն, թե ով երեկ առաջինը հարձակվեց , ո՞ր կողմն էր հրահրում ու գնում բախման: Յանըմ, իրենք ոչ տեսել են, ոչ լսել: Իրենք սուրբ են:
Սադրիչների կամ հատուկ կառույցների «ագենտների» մասին հեքիաթները կարելի է պահել նման բաները հալած յուղի տեղ ընդունող դյուրահավատների համար:
Ի՞նչ «գործակալ-մործակալ», երբ կարելի է ասել՝ բոլորի աչքի առաջ, նշված քաղաքացուհին ու իր գործակիցները, առանց մի հատուկ ջանքեր գործադրելու, հրահրեցին տվյալ բախումը: Իրենց հետապնդած մարտավարական կամ տվյալ պահի խնդիրը դա էր, իրենք լուծեցին:
Ով «գործակալ» է փնտրում, թող նշված անձնավորությանը գնա հարցեր տա: