Մուծիլովշիկության «Ալֆան» ու չ«Օմեգան»


14:30 , 20 հուլիս, 2016

Մտա, տեսնեմ ընկերներս և այլ բանական ու գիտակից մարդիկ համերաշխ «ղժժում» են երեկ, լարված իրավիճակում տարածված «ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատն է գալու» ձևակերպմամբ տխմար «տեղեկության» առիթով: Ծաղրանքի բուն օբյեկտը տարածված սուտն է կամ սուտ տարածելը՝ «հը՞ն, բա ուր ա ռուսական «Ալֆա» ջոկետը…» ընդհանուր տոնայնությամբ: Տեղի՛ն են ձեռ առնում, սարկազմն էլ, խայթոցներն էլ, սրամիտ դիտարկումներն էլ, բոլորը, կարծում եմ, տեղին են: 

Համա հեչ խնդալս չի գալիս, դաժը չեմ ժպտում: Բանը, իմ ընկալմամբ շատ ավելի լուրջ է:
Օրինակ, «Հայկական ժամանակ» թերթում, որի տեղեկատվությանը այս դեպքում չեմ կարող չվստահել, պարզ գրած է (մեջբերում եմ). «Ակտիվիստներից Ներսես Գևորգյանը ցուցարարների մոտ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, ունեն տեղեկատվություն, որ ԱԼՖԱ ռուսական հատուկ ջոկատայինները 65 հոգանոց խմբով այս գիշեր հարձակում են գործելու Էրեբունու ՊՊԾ գնդի վրա: Ընդ որում, նրանք միայնակ չեն լինելու…» և այսպես շարունակ: Այդ նպատակային դեզոյի ամբողջ բովանդակությունը չմեջբերեմ, մանավանդ, բոլորն էլ, ում հետաքրքիր է, լսել է:
Չնայած հենց սկզբից էլ կարելի էր չկասկածել, որ դա «նագլի սուտ» է, ինձ թույլ տամ նկատել, որ այն պարզապես սուտ չէ: Ես կարծում եմ, որ սա որոշակիորեն ու հատուկ նպատակով հորինված «տեղեկություն» է, ստույգ՝ ապա՛տեղեկատվական տեքստ: Այսինքն, իմ կարծիքով, այնպես չի, էլի, որ ինչ-որ ակտիվիստ (դա ի՞նչ է, մասնագիտությո՞ւն է, հոգեվիճա՞կ, դիպլոմավորված գործունեությո՞ւն, բոլշևիկյան «պրոֆեսիոնալ հեղափոխական»-ի մերօրյա տարբերա՞կն է), ասենք, տվյալ դեպքում՝ Ներսես Գևորգյանը իր երևակայության խորխորատներում ձևակերպեց ու հենց էնպես, իր «կայֆի համար», «գըմփացրեց» հավաքված «ցուցարարների մոտ» կամ մարդկանց վրա: Չեմ կարծում: Հնարավոր է, ինչ-որ մեկը նրա ականջին փսփսացել է: Բայց որ այդ տեքստը պրոֆեսիոնալ է կազմել ու ստոր նպատակների ծառայեցնելու համար, ես լիովին վստահ եմ:
Կարճ ասած, գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկի «մութ հոգու պոռթկման», այլ կոնկրետ տեխնոլոգիայի հետ: Ու ոչ միայն այս մեկ դրսևորմամբ:
Համենայն դեպս, այդ է վկայում տարածված ապատեղեկատվության բովանդակությունը, որ, օրինակ, ոչ թե պարզապես ռուսական հատուկ ջոկատ է, իբր գալիս, այլ էսքան ու էսքան հոգի, էս են անելու, էսպես են գործելու: Որպես տեքստերի հետ տասնամյակներով աշխատող մարդ եմ ասում: Նման «մանրամասնությունները» կոչված են հավաստիություն հաղորդել ստին, ապատեղեկատվությունը փաթեթավորել այնպես, որ որոշակի իրավիճակում հալած յուղի տեղ ընդունվի: Եվ ընդունվեց: Եվ, անխուսափելիորեն, բորբոքեց հավաքվածներին, կամ՝ է՛լ ավելի բորբոքեց, ինչի նպատակով էլ դա ասվում էր: Դա, կարելի է ասել, մուծիլովշիկության «Ալֆան» է, ու չ«Օմեգան» (էլի բաներ կան, դրա համար՝ չ«Օմեգան»):
Հա, բայց եթե այդ ապատեղեկատվության տարածման հետևանքով հանկարծ ինչ-որ մեկի հույզերը հասնեին եռման բարձրակետին ու մի ախմախ բան աներ, մեկին վնաս տար, բնականաբար, տուտ ժը հայտարարելու էին, որ «իշխանություններն են մեղավոր, իշխանությունները արեցին»: Ինչպես երեկ երեկոյան, օրինակ ոչ պակաս ինտենսիվ ստեր էին տարածում, թե «ոստիկանները կրակեցին...», մինչդեռ պարզվեց, որ կրակողները ու խառնաշփոթ վիճակ հարուցողները հենց ՊՊԾ գունդը գրաված զինված անձիք են:
Մթնեց: Լուսացավ: ՊՊԾ գունդը տակավին մնում է գրավված վիճակում, «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի վերահսկողության ներքո, պատանդներով հանդերձ: Բնականաբար, ոչ մի ռուսական «Ալֆա» ջոկատ չի եկել, ոչ 65 հոգանոց խմբով, ոչ էլ՝ որևէ խմբով:
Վստահ եմ, որ ինչ-որ տեղ հիմա շրջում է նաև ակտիվիստ Ներսես Գևորգյանն ու, միգուցե քթի տակ քմծիծաղում: Մինչդեռ, լրահոսում ոչ մի տեղ չհանդիպեցի տեղեկատվության, որ ասենք, հիշյալ ակտիվիստը (հաստատ՝ «մասնագիտություն» է) գոնե յուրային ցուցարարներից ներողություն խնդրած լինի՝ նրանց թյուրիմացության մեջ գցելու, ապատեղեկացնելու, վերջիվերջո՝ սուտ տարածելու համար: Չնայած, նորմալ է, եթե չի խնդրել: Նորմալ է, որովհետև մուծիլովշիկության հատկանիշներից մեկն էլ այն է, որ երբ մի սուտը բռնվում է, անմիջապես երկրորդն են սկսում պտտել…:
Իսկ բացարձակ հակապրոֆեսիոնալիզմ դրսևորող առանձին զրագրողների ու զրատվամիջոցների (վրիպակ չէ) մասին, որ կայծակնային արագությամբ սկսեցին տարածել այդ տխմարությունը, մի այլ առիթով կանդրադառնամ: Գուցե կարճ, բայց հստակ:
Ասածս այն է, որ ժողովուրդ, ուշադիր եղեք, մի կորցրեք զգոնությունն ու ամեն «բլթոց» հալած յուղի տեղ մի ընդունեք: