Երջանկության որոնման ճանապարհին


11:37 , 8 փետրվար, 2013

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
Լ. Տոլստոյ

Մեծ դասականը, թերևս, միաժամանակ և ճիշտ է, և սխալ, քանի որ տարբեր մարդկանց համար երջանկությունը նույնպես չի կարող միանման լինել: Բայց ընտանեկան երջանկության հասնելու երկու կարևոր նախապայմանները, իսկապես, առկա են բոլոր երջանիկ ընտանիքներում: Դրանք են փոխըմբռնումն ու հետաքրքրությունների ընդհանրությունը:
Իսկապես, չէ՞ որ շատ դժվար է երջանիկ համարել այն մարդկանց, ովքեր ապրում են միևնույն հարկի տակ և չունեն ընդհանուր հետաքրքրություններ: Ընդ որում պարտադիր չէ, որ հետաքրքրություններն ամեն ինչում համընկնեն: Պարզապես շատ կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճռական պահերին հակասություններ չծագեն: Հենց այդ ժամանակ է, որ օգնության է հասնում փոխըմբռնումը: 

Սիրել նշանակում է ոչ թե տեսնել միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ:

Ոչ պակաս կարևոր է, որ ամուսիններն ունենան ընդհանուր զբաղմունք: Եթե ձեր հետաքրքրությունները համընկնում են, և դուք հաճույք եք ստանում միևնույն բաներից, ձեր կյանքի ռիթմերը մեծ մասամբ համընկնում են, և դուք միշտ զրույցի ընդհանուր թեմա եք գտնում:
Ընդհանուր գործի առկայությունը «սոսնձում» է ընտանիքի անդամներին, և ներընտանեկան քննարկումների հնարավորություն ընձեռում: Աշխատեք հնարավորինս շա՛տ շփվել միմյանց հետ:

«Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են»:

Անժխտելի է, որ ընտանիքում բոլորիս համար էլ ամենակարևորը հասկացված լինելն է, առավել ևս՝ նրա կողմից, ում հանդիպել ենք ճակատագրորեն և ում հետ ապրում ենք միևնույն հարկի տակ: Դիմացինի կողմից ըմբռնողության դրսևորումն օգնում է համոզվել սեփական իրավացիության մեջ և ինքնավստահություն ձեռք բերել: Դա նաև օգնում է հասնել հոգեկան հանգստության, որին ձգտում ենք ամենքս:
Գիտականորեն ապացուցված է, որ երեխան որքան շատ մարդկանց հետ է շփվում, և որքան շատ մարդիկ են անկեղծորեն սիրում նրան, այնքան նրա համար ապրելը հեշտ է լինում և իրեն ավելի երջանիկ է զգում: Միայն երջանիկ, լավատեսորեն տրամադրված մարդը կարող է երջանիկ ընտանիք կազմել և կյանքի նկատմամբ իր դրական մոտեցումները փոխանցել ընտանիքի մյուս անդամներին:
Իդեալական ընտանիքը մտացածին չէ, այն իսկապես իրականության է վերածվում, երբ փոխադարձ սիրով կապված մարդիկ պատրաստ են լինում համատեղ նվիրվել նոր Մարդու՝ սեփական զավակի դաստիարակման դժվարին գործին:

Ընտանիքում ամենակարևորը ՍԵՐՆ է:

Ընտանիքում համերաշխության մթնոլորտը հատկապես կարևոր է զավակների մեջ սիրելու կարողություն սերմանելու համար: Ծնողների սերը զավակների հանդեպ չափազանց կարևոր է, սակայն այն չպետք է այնքան ուժգին լինի, որ վերածվի տիրելու ցանկության: Պետք է երեխաներին ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորություն տալ:

Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելիս անհրաժեշտ է կա՛մ սիրահոժար համաձայնություն, կա՛մ լիովին պառակտում: Շատ են ամուսնական այն զույգերը, որոնք, չհամակերպվելով երկուսի համար էլ անտանելի դարձած մթնոլորտին, շարունակում են համատեղ ապրել և թունավորել մեկմեկու կյանքը: Սրա պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում որոշում կայացնել. կա՛մ կատարյալ պառակտում, կա՛մ համաձայնություն:

Ամուսինների միջև միջանձնային կոնֆլիկտների տիպերը

Ամուսինների միջև հաճախ վեճերն սկսվում են միմյանց պահանջմունքները չբավարարելուց: Այդպիսի վիճաբանությունները կարող են ծագել հետևյալ պատճառներով.

ամուսինների հոգեսեռական անհամապատասխանությունը,
սեփական «ես»-ի նշանակալիության և արժանապատվության ոտնահարումը կողակցի կողմից,

դրական հույզերի, քնքշանքի, հոգատարության, փոխըմբռնման բացակայությունը,

ամուսիններից մեկի կողմից սեփական պահանջմունքների բավարարման մոլուցքը (ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը, ֆինանսական միջոցները միայն իր պահանջմունքների բավարարման համար ծախսելը),

փոխօգնության և փոխըմբռնման բացակայությունն այնպիսի ընդհանուր հարցերում, ինչպիսիք են տնտեսություն վարելը, երեխաների դաստիարակությունը, ծնողների հետ հարաբերությունները,

ժամանցի կազմակերպման եղանակների ու ձևերի հարցում տարաձայնությունները:
Գոյություն ունեն ամուսինների միջև կոնֆլիկտների առաջացմանը նպաստող առանձին գործոններ, որոնք դրսևորվում են համատեղ կյանքի որոշակի ժամանակահատվածներում: Դրանք ընտանիքի զարգացման ճգնաժամային փուլերն են:


Ընտանեկան կյանքի առաջին տարին բնութագրվում է հարմարվողականությամբ: Երբ երկու «ես»-երը դառնում են «մենք», տեղի է ունենում զգացմունքների էվոլյուցիա, սիրահարվածությունը չքանում է, և ամուսինները միմյանց սկսում են տեսնել այնպիսին, ինչպիսին կան իրականում: Ամուսնական առաջին տարին համարվում է ճգնաժամային. ամուսնալուծության հավանականությունն այս փուլում 30 տոկոս է:

Ճգնաժամային մյուս փուլը համընկնում է երեխաների ծննդի հետ: Դեռ չամրացած «մենք»-ը լուրջ փորձության է ենթարկվում:

Ճգնաժամային երրորդ փուլում տպավորությունների բազմակի կրկնությունները հանգեցնում են միմյանցից «հագեցվածության», և առաջանում է զգացմունքների, տպավորությունների քաղց:

Ընտանեկան երջանկության համար կարևոր են փոխադարձ հարգանքն ու սերը, ապրումակցելու և հոգ տանելու կարողությունը:

Ըստ հոգեբանների` ամուսնական կյանքում անհրաժեշտ է, որ`


Ունենաք ապրելու սեփական ոճը, հետաքրքրությունները: Անհրաժեշտ է պլանավորել ապագան, բայց նաև՝ չհրաժարվել ամենօրյա ուրախություններից:

Հարգանքով վերաբերվեք զուգընկերոջ անձնական կյանքին, նրան չպարտադրեք սեփական կարծիքն ու ճաշակը և չնեղանաք նրանից, եթե նա ձեզ ջերմեռանդորեն նոր անակնկալներ չի մատուցում:

Չսպասեք, որ նա ձեր մտքերը կարդա կամ գուշակություններ անի: Պարզապես պետք է անկեղծորեն խոսել միմյանց հետ՝ խուսափելով քննադատությունից:

Ճկուն լինեք դերերի վերաբաշխման հարցում, կառչած չմնաք դերերի ավանդական բաժանմանը և անհրաժեշտության դեպքում դրանք որոշ ժամանակով փոխեք:

Շատ բնական համարեք, որ ձեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, հետաքրքրությունները և ընկերախումբը (այդ թվում նաև` հակառակ սեռի ներկայացուցիչներ) ունենալու իրավունք:

Ընդունեք, որ ամուսնական հարաբերություններում ստորադասներ և վերադասներ չկան, այլ կան հավասարապես և արդարացիորեն բաշխված դերեր, որոնք կամքին հակառակ չեն ստանձնում: Պատասխանատու և հոգատար եղեք միմյանց նկատմամբ:

Գնահատեք ինչպես ձեր, այնպես էլ զուգընկերոջ արժանիքները, մի ստորացեք և մի ստորացրեք:


Ինչպես ուրախ և սրամիտ ճանապարհորդն է իր խանդավառ պատմություններով ու ծիծաղով վարակում ճանապարհորդողներին, այնպես էլ դուք կարող եք ժպտալ ձեր կողակցին. հավատացեք, նա էլ ձեզ կպատասխանի նույն կերպ: Ու կյանքը կդառնա առավել տանելի, ավելին՝ կդառնա հաճելի ուղևորություն:

ԱՂԲՅՈՒՐ