22:32 , 7 փետրվար, 2013
Ես չգիտեի, որ Ֆեյսբուքից իմ ստատուսները Հ1-ով ուղիղ հեռարձակվում են: Մինչ ես իմ համար քնած էի, պարզվեց, հեռուստակամերաներով, իմ գրառման համար 100-ավոր կիլոմետրեր են «կտրել» ու գնացել «գնահատական» են պահանջել Արցախում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանից: Ճակատագրի հեգնանքով ու պատահականութամբ` քիչ առաջ Հ1-ով լսեցի ու ցնցված էի, որ այդ թեման մինչեւ ԼՂՀ հասել է: Ուղղակի ուզում եմ մի բան հիշեցնել: Ֆեյսբուքում ես ներկայացնում եմ ինձ, իմ անձնական համակրանքներն ու հակակրանքները, իմ անձնական գնահատականներն ու դատողությունները: Մի խառնեք ոչ մեկին դրա հետ: Մի տքնեք եւ իմ անձնական շփումների, որակումների համար գնահատականներ մի պահանջեք մեր կուսակցությունից ու մեր թեկնածուից: Դրանք կարող են տարբեր լինել ոչ միայն բովանդակության, այլեւ ընտրված ձեւի առումով: Եւ դա իմ համար, ու ընդհանրապես, նորմալ է:
Դուք հո՞ Տիգրան Մուկուչյանի փաստաբանը չեք: Նա, օրինակ, կարող էր հունվարի 25-ին անձամբ գալ Սահմանադրական դատարան եւ պատասխանել ինձ, իմ որակումներին, քանի որ առաջին անգամ չէ, որ ես նման գնահատական եմ տալիս իր մեկնաբանությունների վերաբերյալ: Ես դա անգամ գրավոր եմ ուղարկել իրեն, որ դրանք միջազգային կազմակերպությունների մեկնաբանությունների, ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջների հետ հակասության մեջ են, կամայական են, չիմացության արդյունք են: Այսինքն՝ ինչ որ ասում եմ նրա մեկնաբանությունների կապակցությամբ, դա նորություն չէ իր համար: Վերջերս էլ նա ինքը նախընտրեց խուսափել շփվելուց ու իմ գնահատականները լսելուց, իսկ ՍԴ-ը հանուն դրա ընտրեց գրավոր ընթացակարգը, որ մենք դեմ դիմաց դուրս չգանք, ու իմ գնահատականները աշկար դուրս չկան:
Հարգելի Հ1, դուք եւ այլ լրատվամիջոցները Մուկուչյանի «իրավագիտական» մտքի վերաբերյալ իմ կարծիքները 25 էջ ծավալով ստացել եք անցած տարեվերջին` դեկտեմբերի 12-ին: Այն նաեւ ակտուալ էր դարձել այս հունվարի 25-ին, երբ ՍԴ-ում քննվում էր գործը: Ինչո՞ւ դա էլ եթեր չհեռարձակեցիք, դրա մասին չհարցրիք նախագահի թեկնածուների կարծիքը: Ինչո՞ւ չեք զարմանում, որ ՍԴ անելիքների վերաբերյալ մեկնաբանություն է տալիս ԿԸՀ նախագահը: Ինչո՞ւ աղմուկ չեք բարձրացնում, որ այդպիսով նա ուղղորդում է ՍԴ-ին: Ի՞նչ է, երկրում այլ սահմանադրագետ-իրավաբան չկա՞, որ խոսեր անհաղթահարելի խոչընդոտի թեմայից: Եւ ընդհանրապես, ինչ-որ չեմ տեսնում, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ճանապարհին դուրս գալիս դուք հարցրած լինեք նրա կարծիքը իր հարազատների ու շրջապատի պահվածքի մասին: Թե՞ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է դա ձեզ թույլ տալիս, մյուսների շնչառությունից զգում եք, որ ավելին մոտենալ չի կարելի:
Ասա, այ Ստեփան, էկել ես ստե, ումի՞ց եւ ի՞նչ ես պահանջում, որ ի՞նչ անես...