22:04 , 7 փետրվար, 2013
Մենք բոլորս էլ սովոր ենք մտածելու, որ խելագարությունը ունիվերսալ երևույթ է և անկախ նրանից, թե որտեղ է ապրում մարդը, նա սովորական մարդ է՝ սովորական մարդկային ուղեղով, որը կարող է խափանվել ինչ-ինչ պատճառներով։ Իհարկե, ամեն մեկը յուրովի է խելագարվում. մարդ կա՝ այլմոլորակայիններ է տեսնում, մարդ էլ կա՝ դևերի, բայց դա արդեն դետալներ են։ Սակայն գոյություն ունեն անհավանական թվացող հոգեկան շեղումներ, որոնք հանդիպում են մոլորակի միայն կոնկրետ շրջանում։ Ձեզ եմ ներկայացնում 6 նման հոգեկան շեղումներ.
1. «Զրոյական» շեղում
Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո Գերմանիայում աննախադեպ ինֆլյացիա սկսվեց. մեկ բաժակ սուրճի գինը կարող էր կրկնապատկվել այն խմելու ժամանակամիջոցում։ Խանութները պարզապես չէին հասցնում փոխել գնապիտակները, ու շուտով ինչ-որ մի հասարակ ապրանքի գինը հասել էր միլիարդավոր մարկերի։ Այս խառնաշփոթի ու սարսափի հորձանուտում, որոնցով զուգակցվում էր ցանկացած գնում, Գերմանիայում ձևավորվեց շատ յուրահատուկ հոգեկան շեղում, որն արտահայտվում էր նրանով, որ այս երևույթի զոհերի մոտ անհաղթահարելի ցանկություն էր առաջանում անվերջ զրոներ գրելու։
Այս հոգեկան շեղումը հատկապես տարածված էր հաշվապահների, բանկիրների ու դրամարկղերի աշխատակիցների մոտ, ովքեր խելագարվում էին ամեն օր այդ գնաճի տատանումները հաշվելուց (կուլմինացիոն պահին 1 հատ հացի գինը կազմում էր 1 միլիարդ մարկ) ու երեկոյան չէին կարողանում անգամ քնել, որովհետև նրանց ուղեղները շարունակում էին հաշվարկներ կատարել, որտեղ համատարած զրոներ էին։ Այս շեղման ավելի սուր տարբերակի դեպքում ոչ միայն անվերջ զրոներ էին նկարում, այլև սկսում էին հավաստիացնել, որ իրենք, ասենք, 35 միլիարդ տարեկան են կամ ունեն 40 տրիլիոն երեխա։
2. Սերմնահեղուկը կորցնելու վախ
Հնարավոր է, որ այս շեղումը կապված է դեմոգրաֆիական քաղաքականության հետ կամ որևէ այլ խնդրի, բայց մի պահ էր հասունացել, երբ Չինաստանում ազգաբնակչության սեքսուալ ակտիվության ճնշումը սկսել էր ծայրահեղական դրսևորումներ ստանալ։ 1980-90 թվականներին հազարավոր մարդիկ էին ընկնում հիվանդանոց՝ հետագայում «շենկույ» անվանումը ստացած վիճակում։
Չինացիք ավանդաբար շատ զգուշավոր են վերաբերվում սեռական ակտերին՝ համարելով դրանք ռիսկային, քանզի համարում են, որ սերմնահեղուկի կորուստը բերում է «յանի»՝ արական էներգիայի նվազմանը, իսկ կորցնելով «յանը»՝ կորցնում ես արյուն։ Հենց այս երևույթն էլ, երբ սերմնահեղուկի կորստի խուճապային վախ է առաջանում, բերում է վերոնշյալ «շենկույ» վիճակին, որի ժամանակ մարդը գլխապտույտ է ունենում, ցավեր՝ գոտկատեղի շրջանում, սեքսուալ դիսֆունկցիա ու անքնություն, և այս ամենը ոչ մի ֆիզիկական հիմնավորում չի ունենում։
Ի դեպ, նման ախտանիշներ հանդիպում են նաև Հնդկաստանում՝ «դխատ» կոչվող երևույթի ժամանակ, որը գրեթե նույնն է, ինչ շենկույը՝ այն տարբերությամբ, որ հնդիկներին թվում է, որ սերմնահեղուկը դուրս է գալիս մեզի հետ։
3. Արկտիկական հիստերիա
Դժվար չէ կռահել, որ հիստերիայի այս տեսակին հակված են հյուսիսային ազգերը։ Էսկիմոսների մոտ այն կոչվում է «պիբլոկտոկ»։ Այս հիստերիան, որպես կանոն, ի հայտ է գալիս ձմռանը և հաճախ նմանվում է համաճարակի։ Արկտիկական հիստերիայի նոպաները կարճատև են՝ ընդամենը մի քանի րոպե, բայց դրանց ժամանակ հիվանդը սկսում է ինչ-որ անհոդաբաշխ բաներ գոռալ, պոկել վրայի հագուստը, մերկ վազել ու թավալ գալ ձների մեջ և անգամ ուտել սեփական կղկղանքը։ Երբ նրանք ուշքի են գալիս, ապա ոչինչ չեն հիշում իրենց արարքներից։ Էսկիմոսները այս հոգեկան շեղումը համարում են դիվահարության դրսևորում, իսկ գիտնականները համարում են, որ այս ախտի հիմքում ընկած է վիտամին Ա-ի ավելցուկը, որը պայմանավորված է դրա հագեցվածությամբ հյուսիսային ազգերի խոհանոցում։
4. Վայրի խոզի սինդրոմ
Եթե դուք լինեիք նորապսակ երիտասարադ տղամարդ, ով ապրում է Նոր Գվինեայում և ունի ֆինանսական խնդիրներ, ապա դուք կհայտնվեիք վայրի խոզի սինդրոմի թիրախային խմբում, ինչը նշանակում է, որ դուք կարող եք ներթափանցել հարևանի տուն, գողանալ ինչ-որ բացարձակապես անպետք իր ու հաջորդ առավոտյան բացարձակապես ոչինչ չհիշել դրա մասին։ Այս հոգեկան շեղումը հանդիպում է բացառապես 25-35 տարեկան տղամարդկանց մոտ, իսկ վայրի խոզի անուն է կրում այն պատճառով, որ դրա նոպաների ժամանակ ախտահարված գիտակցությամբ տղամարդիկ շատ ագրեսիվ ու հիպերակտիվ են դառնում՝ վայրի կենդանիների պես։
Երբեմն այս հիվանդության զոհերը գողությունից հետո փախչում են անտառ և մի քանի օր շարունակ դեգերում այնտեղ՝ կտոր-կտոր անելով իրենց գողոնը, իսկ հետո վերադառնում են գյուղ, սակայն կրկին բան չեն հիշում։ Տեղաբնակները համարում են, որ այս հիվանդությունն առաջանում է, երբ վերջերս մահացած ընտանիքի ոգին ծեծում է մարդուն, իսկ որպես բուժում հիվանդին այնքան են ծխահարում, որ նրա գիտակցությունը վերադառնա։
5. Ուղեղի հոգնածության սինդրոմ
Եթե դուք լինեիք ուսանող աֆրիկյան մի որևէ երկրում, որը գտնվում է Սահարա անապատից հարավ, ապա մեծ կլիներ հավանականությունը, որ դուք քննություններին պատրաստվելիս մեկ էլ զգայիք, որ ձեր ուղեղը անսպասելիորեն կորցրել է ինչ-որ բան հասկանալու ունակությունը այն ամենից, ինչ դուք կարդում եք։ Դուք կզգայիք նաև ծայրաստիճան հոգնածություն, անգամ խոսելը բավականին բարդ կլիներ ձեզ համար, իսկ ձեռքերն այնպես կդողային, որ անհնարին կլիներ ինչ-որ բան գրելը։ Այս ամենն իրականում հոգեկան բնույթի շեղում է, որն Աֆրիկայում անվանում են «Հոգնած ուղեղի սինդրոմ»։
Թվում է, թե ի՞նչն է սրա առանձնահատուկ. ցանկացած ուսանող կամ աշակերտ զգացել է սա, սակայն սա իրոք բացառիկ երևույթ է, որը ներգրավում է Արևմտյան Աֆրիկայի ուսանողությանը և բացառապես նրանց, ովքեր արևմտյան կրթական համակարգով են ուսանում։ Այս ֆենոմենն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ որքան բարձր մակարդակի վրա է տվյալ ուսանողի մոտ անգլերենի իմացությունը, այնքան ավելի խոցելի է նա այս սինդրոմի համար։ Ընդ որում, այս սինդրոմը պարզապես նյարդային դող չէ՝ ակնկալվող քննություններով պայմանավորված։ Ուղեղի հոգնածության սինդրոմը կարող է առաջացնել ցավ, վզի ու գլխի շրջանում ճնշման զգացողություն, այլայլված տեսողություն, պուլսի արագացում և այնպիսի զգացողություն, ասես մաշկի տակ ինչ-որ միջատներ են շարժվում։ Մինչ այժմ անհայտ է, թե որն է այս տարօրինակ շեղման սկզբնապատճառը։
6. Խելագարության վարակ
Մեզանից շատերի համար ինչ-որ մի վարակը վատագույն դեպքում կարող է բերել մեկ ամիս անկողնային ռեժիմով թեյ խմելուն ու ջերմաչափ դնելուն, իսկ Կենտրոնական Ամերիկայում բնակվող Միսկիտո ցեղի բնակիչների համար այն կարող է վերաճել իսկական խելահեղության։ Ներքոնշյալ հիվանդությունը տեղաբնակներն անվանում են «գրիսի սիկնիս»։
Այս խիստ վարակիչ ու տարօրինակ ախտը առաջացնում է ջղաձգումներ, ուշագնացություն, իսկ երբեմն էլ՝ կոմա։ Ընդ որում, անգիտակից վիճակը մեկ էլ կարող է կտրուկ փոխվել բուռն ակտիվությամբ։ Ինչ-որ միստիկ ուժի ազդեցությամբ հիվանդները փորձում են վազել փակ աչքերով, ձեռքն են վերցնում ամեն ինչ, ինչ կարելի է որպես զենք կիրառել և սկսում պաշտպանվել ինչ-որ անտեսանելի թշնամիներից։ Ականատեսների վկայությամբ՝ նոպայի ժամանակ հիվանդներին համակում է գերմարդկային ուժ, այնպես որ 4 հասուն տղամարդ դժվարությամբ են կարողանում բռնել ու կապկպել ախտահարվածին, իսկ դա պարզապես անհրաժեշտ է անել, քանի որ այդպես փակ աչքերով այնքան կարող են վազվզել, որ ընկնեն անդունդից կամ մեկ այլ փորձանքի բախվեն։
Գիտնականներին այս երևույթը տարակուսանքի մեջ է գցել, որովհետև այն տարածվում է ինչպես ինչ-որ համաճարակ, սակայն արյան հետազոտությունները ոչ մի արտասովոր բան չեն կարողանում պարզել։ Ոչ մի դեղ չի կարողանում օգնել այս վիճակում գտնվող մարդուն, իսկ նման առաջին դեպքերի մասին հաղորդագրությունները արձանագրվել են դեռ 19-րդ դարի սկզբին։ Այս վարակի 1910 թվականի համաճարակը տևել է ամբողջ 20 տարի, իսկ անցած տարի այս վարակով տառապող 65 մարդ է հաշվառվել։
Տեղաբնակները համարում են այն պատիժ՝ գործած մեղքերի համար։ Այսպես թե այնպես, բայց բժշկությունն առայժմ ի զորու չէ ինչ-որ բանով օգնել, իսկ տեղացի բուժակներին մեկ-մեկ է միայն հաջողվում փրկել այս սինդրոմով տառապող մարդկանց։