Ինչպես փրկվել, երբ հայտնվել ես անկառավարելի ամբոխի հոսքի մեջ


18:15 , 15 հուլիս, 2016

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբոխը շատ հաճախ ավելի վտանգավոր է դառնում առանձին անհատի կյանքի ու առողջության համար, քան հենց ինքը՝ աղետը, որի պատճառով առաջացել է ամբոխը: Խուճապի մեջ հայտնված ամբոխը անկառավարելի ու գրեթե բոլոր դեպքերում վտանգավոր մի օրգանիզմի է վերածվում, որը չի կարողանում տարբերել իրական վտանգը հավանականից: Դա են ապացուցում, օրինակ,  հրդեհների ժամանակ կրակի փակուղու մեջ հայտնված մարդկանց ցատկերը բարձրահարկերից:Նման անկառավարելի ամբոխը ձևավորվում է ոչ միայն աղետների՝ հրդեհի, երկրաշարժի, փոթորիկի, ցունամիի , այլ  նաև  ահաբեկչական ակտերի ժամանակ:  Իսկ  ի՞նչ է կատարվում մարդու հետ նման պահին, ինչպե՞ս է ստացվում, որ բանական ու գիտակից մարդը իրավիճակի թելադրանքի տակ կորցնում է մտածելու, կշռադատելու ունակությունն  ու տրվում է հոսանքին՝ տվյալ դեպքում ամբոխի ընթացքին: Բանը նրանումն է, որ էմոցիոնալ գերլարման պահին մարդու մոտ անջատվում է մտածելու ունակությունը, նա առաջնորդվում է  միայն այն զգայական ազդակներով, որոնք սովորականից մի քանի 100 անգամ ավել  ստանում է  ուղեղը:  Նման էմոցիոնալ հոսքից  մարդը զրկվում  է անհատական մտածողության ունակությունից: Մտավոր ու հոգեբանական այս վիճակն իր լարվածության գագաթնակետին է հասնում հատկապես առաջին արյան տեսարանից:

 Ահա այն  ճակատագրական վայրկյանները, երբ որոշվում է անհատի հետագա ճակատագիրը. նա, ով կկարողանա բեկումնային այս պահին սթափվել ու կշռադատել իրավիճակը՝  կունենա փրկվելու մեծ հավանականություն, իսկ ահա արյան տեսարանից աֆեկտի վիճակում հայտնված մարդը գրեթե դատապարտված է: Նման հոգեբանական գերլարված վիճակում մարդը սովորաբար գոռում է, անկառավարելի շարժումներ է անում՝ դրանով իսկ ավելի վտանգավոր միջավայր ստեղծելով իր և իրեն շրջապատողների համար:

Եվ այսպես՝ ի՞նչ անել, եթե դու հայտնվել ես այնպիսի իրավիճակում, երբ ամբոխը անկառավարելի է ու տիրում է խուճապ:

1.Երբեք մոտ մի կանգնիր այնպիսի առարկաներին, որոնք չեն տեղաշարժվում՝ կլինի ծառ, պատնեշ, բազրիք, արձան, մեքենա: Այդպես դու կխուսափես ամբոխի հոսքի տակ ճզմվելու վտանգից:

2. Մի բռնվիր ոչնչից, այլապես  կարող ես կոտրվածքներ ստանալ:

3.Եթե բարձրակրունկների վրա ես, ապա անմիջապես հանիր կոշիկները ու թող դրանք ընկած տեղում: Գցիր նաև պայուսակը, անձրևանոցը  և բոլոր այն իրերը, որոնք  բարդացնում են քո ազատ տեղաշարժը:

4. երբեք, ոչ մի դեպքում մի փորձիր գետնից բարձրացնել ընկած ակնոցը, հեռախոսը կամ դրամապանակը: Այդ մի քանի վայրկյանը, որ դու պիտի անցկացնես կքած դիրքում, կարող է քեզ կյանք արժենալ:  Հիշիր, խիտ ամբոխի դեպքում  ընկնելու հավանականությունը շատ քիչ է, առավել մեծ է ճզմվելու ու տրորվելու հավանականությունը:  Ուստի քո մարմնի ուղղահայաց դիրքը և վեր ձգված պարանոցը փրկվելու գրեթե միակ շանսն են:

5.Ձեռքերի կոտրվածքներից խուսափելու համար ամբոխի մեջ շարժվիր ձեռքերդ կրծքավանդակիդ խաչաձև սեղմած:

6.Հիշիր, անկառավարելի ամբոխի մեջ հայտնվելուց հետո քո միակ խնդիրը չընկնելն է: Իսկ եթե հանկարծ ընկել ես, ապա առաջին բանը, որ պետք է անել, գլուխը ձեռքերով պաշտպանելն է ու անմիջապես, առանց վայրկյան կորցնելու կանգնելը: Դա  անելը շատ դժվար կլինի, ուստի առաջնահերթ փորձիր նախ կծկվել, հետո նստել, իսկ հետո միանգամից դեպի վեր բարձրանալ: Այլ կերպ անհնար կլինի բարձրանալ,  որովհետև ամբոխը ուղղակի ոտնատակ կտա քեզ:

7. Բարձրանալուց միանգամից հետո պետք է ոչ թե կանգնել, կամ ընտրել հակառակ ուղղություն, այլ միանալ ամբոխի հոսքին:

նյութը՝ Արմինե Հայրապետյանի