Ընտրություններում ամենաանկանխատեսելին մնում է Շիրակի մարզը. այստեղ միշտ էլ քվեարկել են այլընտրանքային թեկնածուի օգտին


17:45 , 7 փետրվար, 2013

Թերևս ներկա պահին նախընտրական գործընթացները մնում են ամենաքննարկվող թեման թե՛ լրատվամիջոցների, ինչը օրինաչափ է, թե՛ սոցիալական կայքերի և թե՛ շարքային  քաղաքացիների կողմից: Վերլուծվում են ոչ միայն ընթացքը, այլև ենթադրվող կամ սպասվելիք արդյունքները: Նախընտրական կամպանիան դեռ չսկսված և դրա ընթացքում տարբեր հասարակական-քաղաքական շերտեր, փորձելով կանխագուշակել ընտրական գործընթացի արդյունքները, նշում են, որ ներկայիս ընտրությունների արդյունքները միանգամայն կանխորոշված են հօգուտ գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Սակայն հարկ է նշել, որ կոնկրետ Շիրակի մարզն այդ առումով միանգամայն անկանխատեսելի է, քանզի նախորդ շրջանի բոլոր ընտրություններում մարզի ընտրությունը եղել է հիմնականում հօգուտ այլընտրանքային թեկնածուի, բացառությամբ 1990-1991թթ. Ազգային զարթոնքի տարիների, երբ միահամուռ պայքարի արդյունքում տոգորված ազգային –ազատագրական գաղափարներով համայն հայությունն իր քվեն վստահեց երկրի առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանին: Սակայն հետագա տարիներին պատկերն էականորեն փոխվեց վերջինիս թույլ տված ներքաղաքական բացթողումների պատճառով և 1996թ. ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում և հատկապես Գյումրի քաղաքում բավական ձայներ հավաքեց այլընտրանքային թեկնածու Վազգեն Մանուկյանը, 1998թ.՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ 2008թ.՝ Արթուր Բաղդասարյանը: Հենց այդ ձայների շնորհիվ էլ ապահովվեց վերջիններիս ներկայությունը իշխանական բուրգում՝ ի դեմս կոալիցիոն կառավարության: Այսինքն՝ ոչ մի գործող նախագահ Շիրակի մարզում քվեների մեծամասնություն չի ստացել, չնայած որ բոլոր ընտրությունների ընթացքում էլ բազմիցս խոսվել է գործող իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների կիրառման, ընտրակեղծիքների և ընտրակաշառքների, ինչպես նաև չարաշահումների մասին: Այս առումով կարելի է ասել, որ Շիրակի մարզում ժողովրդավարությունը կայացել է, քանզի քաղաքացիները, քաջ գիտակցելով, որ իրենք պետության մասն են և ունեն սահմանադրորեն ամրագրված ընտրելու իրավունք, կատարում են իրենց քաղաքացիական պարտքը՝ իրական ընտրությունը: Հավանաբար գործող իշխանությունները ևս գիտակցելով այս հանգամանքը վերջին տարիներին ավելի շատ փորձեցին գործնականորեն շահել շիրակցիների վստահությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով մարզի խնդիրները: Այդ մասին են վկայում Կառավարության, տարբեր գերատեսչությունների արտագնա նիստերի անցկացումը Գյումրիում, իշխանությունների ակտիվ մասնակցությունը քաղաքի հասարակական, մշակութային կյանքին՝ նկատի ունեմ Վերածնունդ փառատոնը, որն անցավ հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, տեխնոպարկի կառուցումը, որը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, Գյումրին մշակութային մայրաքաղաք հայտարարելը և այլն, ինչպես նաև գործող նախագահի հաճախակի այցելությունները Շիրակի մարզ՝ կապված հատկապես Աղետի գոտու վերականգնման աշխատանքների իրականացման գործընթացի վերահսկողության հետ: