Նիկ Եգիբյանի «տարբերվող» տեսահոլովակը միջազգային երաժշտական ալիքներում (ֆոտո)


20:09 , 7 փետրվար, 2013

Հայկական շոու-բիզնեսում իր ոճով տարբերվող տաղանդավոր երաժիշտ Նիկ Եգիբյանը ներկայացրել է «Release us» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Տեսահոլովակը նկարահանվել է նոյեմբեր ամսին Խոր Վիրապի ճանապարհին: Ռեժիսոր չկա, քանի որ չկա մտահղացում, կան գեղեցիկ կադրեր»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:

Երգը գրվել էր Եվրատեսիլի նախընտրական փուլին մասնակցելու համար, տեսահոլովակն էլ երգը ներկայացնելու միջոց էր: Բայց, քանի որ նախընտրական փուլ չեղավ, Նիկը որոշեց այն ներկայացնել իր հանդիսատեսի դատին և եթեր հեռարձակել:

«Տեսահոլովակը նկարահանել ենք ընկերներով, որոնցից ոչ մեկը պրոֆեսիոնալ ռեժիսոր կամ օպերատոր չէ»,- նշեց Նիկը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Նիկը երգ ներկայացնի Եվրատեսիլի նախընտրական փուլին, երգիչն ասաց. «Ես ինքս երևի չեմ ներկայացնի (եթե մինչ այդ չգրեմ): Ես այստեղ չէի, չեմ հասցրել երգ գրել: Համերգներին պատրաստվելու պատճառով չեմ հասցնի: Չեմ ուզում հապճեպ ստեղծագործություն պատրաստել, քանի որ Գոռն արժանի է ամենալավ երգին»: 

Բազմաթիվ մրցույթների մասնակցած, անկոտրում կամքի տեր Նիկ Եգիբյանը պատմեց, որ միշտ պատրաստ է մասնակցել մրցույթների, սիրում է ադրենալինը, կրեատիվ լինելը: Հետևաբար, նա պատրաստ է ևս մեկ անգամ հավակնել Եվրատեսիլին. «Բայց կարծում եմ ևս երկու տարի և վերջ, կսպասեմ առաջարկին (ժպտում է)»: 

Հարկ է նշել, որ վերջերս Նիկը գործնական այցով գտնվում էր Գերմանիայում, որտեղ մի շարք փաստաթղթեր է ստորագրել միջազգային երաժշտական ալիքների հետ` իր տեսահոլովակներն այնտեղ տեղադրելու համար: «Նաև հանգստացա, քանի որ 2 շաբաթով էի գնացել: Ամռանն էլի կմեկնեմ»,- եզրափակեց երաժիշտը:

Նիկի փոխանցմամբ, տեսահոլովակը համացանցում հայտնվելու է որոշ ժամանակ անց, քանի որ այն ցուցադրման բացառիկ իրավունքով տրվել է Երաժշտական ալիքին: Ello-ի և Vevo-ի բաժանորդներն աշխատանքը գնահատելու հնարավորություն կունենան 2 շաբաթ անց: Առաջին իսկ հնարավորության դեպքում ArmStar.am-ը տեսահոլովակը կներկայացնի ձեր ուշադրությանը:

Լուսանկարները` տեսահոլովակի նկարահանումներից և Գերմանիայում հանգստից (Նիկ Եգիբյանի անձնական արխիվից)