Արթիկցիներին տրամադրվող օժանդակությունն ավելացվում է


23:00 , 14 հուլիս, 2016

Շիրակի մարզի Արթիկ համայնքին պատուհասած ջրհեղեղը իր պատճառած ավերածություններով աննախադեպ էր անկախության շրջանի Հայաստանի համար: Սովետական շրջանից Հայաստանին ժառանգություն մնացած հասարակական նշանակության և անվտանգության խնդիրներ ունեցող շինությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքն էլ ավելի էր մեծացրել աղետի հետևանքները, քանի որ ոչ միայն ջրով էին լցվել մարդկանց տներն ու հողատարածքները, այլև սելավատարը բերել էր հանքարդյունաբերության հետևանքով դեռևս 90-ականներից կուտակված քարաբեկորները, ինչն ավելի էր բարդացնում իրավիճակը:

Եվ այս պայմաններում անհրաժեշտ էր օպերատիվ կերպով կողմնորոշվել ջրհեղեղի հետևանքները վերացնելու և հնարավոր կրկնությունները կանխարգելելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց կատարեց Արթիկ, ինչից հետո կառավարությունը ջրհեղեղի հետևանքների վերացման համար հատկացրեց 41 մլն դրամ, միջոցներ են տրամադրվել նաև Արթիկի քաղաքապետարանի և որոշ կազմակերպությունների կողմից՝ տեխնիկայի ներգրավման և վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով:

Բայց այդուհանդերձ, բնակիչների մի մասի մոտ որոշակի դժգոհություն կար, կապված օժանդակության չափի հետ, այդ իսկ պատճառով վարչապետը երեկ որոշում է կայացրել, որ տուժածներին տրամադրվող գումարի շեմը բարձրացվի: Պետք է հատկապես նշել, որ օպերատիվ արձագանքն ու խնդրի լուծման մեթոդները կարծես նոր մշակույթ են ձևավորում կառավարման համակարգում: Հատկապես արված աշխատանքն ավելի ակնառու է դառնում աղետի օրն ու երեկ արված լուսանկարներ դիտելիս: