13:37 , 7 փետրվար, 2013
Երկու օր է տեղս չեմ գտնում. նորմալ վիճակ է, ինչ կա որ: Սենյակի մի ծայրից մյուսն եմ գնում՝ մեծ քայլեր անելով, ու թվում է, թե մտքերս էլ գլխիս մեջ են գնում գալիս: Դե բավական է, հիմա կպայթի գլուխս:
Առաստաղը դանդաղ մոտենում է. վերևում լսվող աղմուկից երևի: Մի պահ մտածում եմ, որ հնարավոր է ոչ մի աղմուկ էլ չկա, ուղղակի փողոցի աղմուկը խլացնելու համար դրած ականջակալները հանելուց հետո ականջներումս դեռ երաժշտության ճղճիմ մնացորդներն են զնգում:
Բայց դժվար թե, ախր ականջներս փակելուն պես այլևս ձայն չկա, ոչ մի շշուկ այլևս:
Հարևանի տնից է ձայնը, կարծես հիմա առաստաղը չի դիմանա ձայնի հզորությանն ու կփլվի գլխիս. ախ իմ խեղճ գլուխ...
Քույրս թղթից ծաղիկներ էր պատրաստել և կրկին անգամ անփութորեն սոսինձն ու մկրատը թողել էր սեղանին: Ախր քանի՞ անգամ ասեմ, որ մի բանը օգտագործելուց հետո տեղը դիր:
Մկրատը վերցրի. հին, երկաթյա մկրատ է, փայլուն սայրեր ունի: Մի քանի անգամ բացեցի ու փակեցի, սայրերը՝ իրար քսվելով, մի մետաղյա ձայն էին արձակում: Ձայնը գնալով գրավում է և ստիպում անվերջ, անվերջ փակել ու բացել մկրատը:
Աղմուկն արդեն անտանելի է, այնքան է լսվում ականջումս, որ կարծես քար լռություն լինի:
Պատուհանը բացեցի, միգուցե ցրվի աղմուկը, խառնվի դրսի աղմուկին ու չքվի մեր տնից, իմ ուղեղից...
Մի սովորական հայելի ունեմ՝ առանց ավելորդությունների: Մկրատը ձեռքիս մոտեցա հայելուն: Մազերս դեռ առավոտվանից կապված էին, և գլուխս սկսեց ցավել: Արձակեցի մազերս, մի լավ ձեռքով խառնեցի, աչքերս փակելով փորձեցի վանել լսվող ձայները, բայց ապարդյուն:
Սկսեցի կտրել մազերս, կտրում եմ շատ համարձակորեն: Ձեռքումս բռնելով մի մեծ մազափունջ՝ պարզապես կտրում եմ՝ առանց ափսոսանքի:
Փողոցային տղայի եմ նմանվում՝ կարճ, խառնված մազերով ու դեմքի չարաճճի արտահայտությամբ:
Հարևանուհին փոշեկուլով հատակն էր մաքրում:
Ես մեղք չունեմ, փոշեկուլն էր մեղավոր...