Գյուղնախարարության խորհուրդները՝ կարկուտից տուժած այգեգործներին


12:56 , 12 հուլիս, 2016

karkutAraratnews.am-ը գրում է.

Գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է խորհուրդներ՝ ուղղված կարկուտից տուժած այգեգործներին: Նշվում է, որ ժամանակին ու բոլոր միջոցառումների իրականացման պարագայում հնարավոր  է պակասեցնել վնասի չափը:

«Հայաստանի Հանրապետության այգեգործական շրջաններին մեծ վնաս է պատճառում  կարկտահարությունը: Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ  կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերի հիմքի 2-3  հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է  բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև մատերի  հիմքի անկյունային աչքերից առաջացած շվերի ինտենսիվ աճին:

Խոր հատումներից հետո վազի վրա անհրաժեշտ է թողնել համեմատաբար քիչ քանակությամբ շվեր և աչքեր, 10-15 օր անց բազմամյա մասերի քնած աչքերից, միամյա մատերի հիմքի աչքերից և կարճ էտված կանաչ շվերի հանգույցներից մեծ թվով շվեր են աճում` ստեղծելով համեմատաբար խիտ սաղարթ: Երբ շվերի հիմնական մասը կունենա 5-6 տերև, անհրաժեշտ է կատարել շվատում` հեռացնելով ձևավորման  համար ոչ պիտանի շվերը:

Վազը կապահովվի ասիմիլյացիոն մակերեսով, անհրաժեշտ քանակությամբ շվերով ու բճաշվերով, որոնք լավ երաշխիք են հանդիսանում տնկարկների հաջորդ տարվա բերքատվության ապահովման համար:

Շատ ուժեղ վնասվածության դեպքում խիստ վնասված թևերի վրա անհրաժեշտ է  կատարել խորը էտ` դրանք կարճացնել մինչև առողջ մնացած կամ քիչ վնասված մասերը: Թևերից և ենթաթևերից պետք է թողնել ձևավորման համար համապատասխան դիրք ունեցող քիչ վնասված մասերը: Դրանց վրայի վնասված մատերը կարճացնել մինչև հիմքի 2-4-րդ հանգույցները` պահպանելով դրանց վրա եղած շվերի  հիմքերը` անկյունային աչքերով:

Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով պետք է այգին սնուցել` 150-170  կգ ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 70-80 կգ կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը կարող է  խոչընդոտել շվերի փայտացմանը, ուստի անհրաժեշտ է խիստ սահմանափակել դրանց օգտագործումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է խնամքով ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ տարվող մյուս աշխատանքները:

Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի ժամանակին, առանց ուշացման, անհրաժեշտ է  ձեռնարկել բոլոր միջոցառումներ վազերի կանաչ օրգանները հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար»,-ասված է  գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: