Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոգործիչների հիշատակը հավերժացնող ևս երեք աստղով


02:51 , 11 հուլիս, 2016

Lurer.com–ը գրում է.

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում, որպես կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի և կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսոյանի ու Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աստղերը բացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը և կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:

Հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը ևս ելույթ ունեցավ աստղերի բացման արարողությանը` մատնանշելով, որ պատիվ է ունեցել աշխատել և Ալբերտ Յավուրյանի, և Էդմոնդ Քեոսոյանի և Դմիտրի Կեսայանցի հետ: