Աննկարագրելի հուզիչ պատմություն. ինչու՞ էր տղան հեկեկում հրապարակում


18:15 , 9 հուլիս, 2016

Մի օր խուլ երիտասարդ  Մուհարեմը դուրս է գալիս տնից  ու բացահայտում, որ բոլոր իրեն հանդիպած մարդիկ գիտեն ժեստերի լեզուն: Կարճ ժամանակ անց նրա զարմանքը վերածվում է կատարյալ շփոթվածության, որովհետև այն, ինչ այդ օրը կատարվում էր իր հետ, նման էր հեքիաթի: Իսկ այդ հրաշքը կազմակերպել էին մի քանի ընկերություններ, որոնք մեկ ամիս շարունակ ողջ շրջանին անվճար ժեստերի լեզու են դասավանդել:

Այդ օրը Մուհարեմի ողջ երթուղու երկայնքով տեղադրվել էին թաքնված տեսախցիկներ,և որպեսզի տղան չշեղվեր իր սովորական ճանապարհից, այդ օրը նրան քույրն էր ուղեկցում, որն էլ այս ամենի հեղինակներից էր:

Առաջին ուրախությունը մի մարդ էր, ով տեսնելով Մուհարեմին՝ ժեստերի լեզվով նրան «բարի լույս» ասաց:

Այնուհետև խմորեղենի խանութի վաճառողը խանութ մտած խուլ տղային ժեստերի լեզվով խորհուրդ տվեց գնել հենց նոր պատրաստված գաթան:Մրգեղենի կրպակի տարածքում մի տղա նախապես մրգեր թափեց և երբ կողքով անցնող խուլ տղան օգնեց նրան հավաքել մրգերը, վաճառողը ժեստերի լեզվով նրան շնորհակալություն հայտնեց ու խնձոր առաջարկեց:

Իսկ անկյունից դուրս եկած աղջիկը ժեստերի լեզվով ներողություն խնդրեց տղայից նրա ոտքը տրորելու համար: Մուհարեմը չէր հասկանում՝ ինչ է կատարվում, նա ապշած էր:Այնուհետև, երբ Մուհարեմը քրոջ հետ  տաքսի նստեց, վարորդը սկսեց շփվել իր հետ ժեստերի լեզվով: Որքան շատ էին երիտասարդները մոտենում հրապարակին, այնքան ավելի էր մոտենում ֆլեշմոբի հանգուցալուծումը: Եվ ահա այդ պահին մեծ լազերային էկրանի վրա հայտնված աղջիկը ժեստերի լեզվով բացատրեց տղային, թե ինչ է կատարվում:

Մուհարեմին մոտեցած ընկերներն ու հարևանները պատմեցին  տղային տեղի ունեցող ֆլեշմոբի մասին: Տղայի հուզմունքն աննկարագրելի էր:Նման ուշադրության նա երբեք իր կյանքում չէր արժանացել:

Այս պատմությունը մեզ ապացուցում է, որ անհաղթահարելի ոչինչ չկա կյանքում: Պարզապես մարդիկ պետք է մի փոքր ավելի բարի ու սրտացավ լինեն նրանց հանդեպ, ովքեր ֆիզիկական սահմանափակումներ ունեն:

Նյութը՝ Արմինե Հայրապետյան