12:05 , 6 փետրվար, 2013
Այսօրվա իր ասուլիսում «ինքնորոշման խորհրդանիշ» Պարույր Հայրիկյանը կրկին հնչեցրեց այն միտքը, որ իր նկատմամբ մահափորձի հետևում կանգնած են ռուսները (ԿԳԲ-ն): Միաժամանակ նշելով, որ մահափորձն ուղղված էր ոչ թե իր անձի, այլ Հայաստանի ինքնորոշման, ժողովրդավարական կարգերի հաստատման դեմ: Մեկ օր առաջ «ինքնորոշման խորհրդանիշ» Հայրիկյանը հարցազրույց էր տալիս և չգիտես թե ինչու, մոռացել էր այս ձևակերպումը և համառորեն կրկնում էր, թե այս մահափորձից առաջ երեք անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նույնպես մեր «խորհրդանիշը» մահափորձի է ենթարկվել (գուցե, չեմ ժխտի): Այդ հարցազրույցը մի խեղկատակություն էր, նախօրոք ձևակերպված հարցերը պատկան մարմինները Արտակ Ալեքսանյանի շուրփերով հնչեցրին (Արտակը համարվում է ՀՀ «լավագույն» հեռուստամեկնաբաններից մեկը, բարեհամբույր արտաքինով մի միշիկական մեկնաբան, անցյալ դարի հիսունականների սանրվածքով մի պճնամոլ), իսկ դրանից հետո մեր հերոսը սկսեց Տեր-Պետրոսյանի ուղղությամբ «մեսիջներ» ուղարկել: Ի՞նչ է ... Տեր-Պետրոսյանի ժամանակ կատարված «մահափորձերը» ուղղված չէին մեր Պետականության ԴԵՄ, մեր սիրելի «ինքնորոշման խորհրդանիշ» Հայրիկյանի դեմ, այսինքն՝ պետականության դեմ: Մեր «խորհրդանիշ» Հայրիկյանը չի կարողանում մարսել 1991 թվականի նախագահական ընտրությունների խայտառակ պարտությունը: Պառավաքարի դեպքն էլ մատին փաթաթան արած՝ ամենուր նույն երգն է երգում... բա գիտե՜ք - Պառավաքարում մահափորձ էին պլանավորել: Բայց ականատեսներն ասում են, այդ ակցիան ավելի շատ Ալյոշա (հետագայում լուսահոգի Հակոբջան Թադևոսյանի օրհնությամբ դարձած Արամազդ) Զաքարյանի դեմ է եղել: Ալյոշան իրենց գյուղում լավ մարդու համբավ չի ունեցել, գյուղացիները մի քանի քար են «շպրտել» նրանց մեքենաների վրա և վերջ: Ի դեպ Ալյոշան այն պատգամավորն է, որին Հայրիկյանը հետագայում «հայրական ապտակ» հասցրեց: Մահափորձերի մասին առաջին անգամ եմ լսում: Իսկ դո՞ւք...
Ինչևէ, անցնենք առաջ:
Մեր «խորհրդանիշ» Հայրիկյանը ռուսի մատը տեսնում է, Տեր-Պետրոսյանին էլ մեսիջներով «միացնում» է ռուսի «մատին», այսինքն՝ ԿԳԲ-ին, բայց համառորեն չի նկատում կոմունիստ Քոչարյանին և ԲԱՔՎԻ ԿԳԲ բարձրագույն դպրոցն ավարտած՝ Սերժիկ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնելով Մի քանի խոսքով անդրադառնամ Սերժիկ Սարգսյանին:
«ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ» պարոն Հայրիկյան, գուցե Տեր-Պետրոսյանի ժամանակ Ձեր նկատմամբ մահափորձ եղել է, եկեք չժխտենք և վերլուծենք ձեր մտքերը միասին: Դատե՛ք ինքներդ, ռուսները ուզում էին սպանել ձեզ, ըստ ձեզ այն ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը ռուսների պահանջով էր ձեզ վերացնելու հրաման տվել: Ընդունենք, որ դուք ճիշտ եք: Բայց այստեղ՝ Հայաստանում գործը «գլուխ» բերելու համար մի կառույց պետք է լիներ չէ՞... ապրեք պարոն «խորհրդանիշ» դա մեր ԿԳԲ-ն պետք է լիներ, իսկ ո՞վ էր նախարարը, նորից ապրեք... մեր սիրելի «խորհրդանիշ», նախարարը Սերժիկ Սարգսյանն էր: Ի՞նչ է արել Սերժիկ Սարգսյանը ... կազմակերպել է մահափորձ Տեր-Պետրոսյանի հրամանով՝ Ձեր անձի, այսինքն՝ մեր ազգի «խորհրդանիշ» Հայրիկյանի դեմ և ավելին, մեր պետականության դեմ... Ապրեք «խորհրդանիշ» Հայրիկյան, դուք բացահայտեցիք դարի մահափորձը...
Դրա համար մեր ազգի Նահապետ Պարույր Հայրիկյանը, որպեսզի Հայաստանի թշնամիները չհասնեն իրենց նպատակներին, ինքը չի դիմի Սահմանադրական դատարան` ընտրությունների ժամկետները հետաձգելու համար:
Իսկ հիմա սիրելի ընթերցող դատե՛ք ինքներդ, ռուսները ուզում էին սպանել Հայրիկյանին, այսինքն ոչ թե սովորական քաղաքացու, այլ մեր Նահապետին ... Անկախության ջահակիր և «ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ» Հայրիկյանին, որովհետև նա Հայաստանի ինքնորոշման սիմվոլն է, կներեք, «ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ» պետք է ասեի: Այստեղ մի բան ավելացնեմ պարոն Հայրիկյան, ձեր նախկին ԱՄԿ-ական ընկերները ձեզ ՄԱՍԱԴԻ (երդվում եմ Սուրբ Ավետարանով, ես դրա հետ համամիտ չեմ, դուք ընդամենը եսասեր, ինքնահավան պճնամոլ եք, բայց ՈՉ գործակալ) գործակալ էին անվանում դեռևս 1995 ԱԺ ընտրություններից առաջ: Չե՞ք հավատում - հարցրեք Ռազմիկ Զոհրաբյանին, նա շատ մանրակրկիտ փաստերով էր ապացուցում, իսկ Անդրանիկ Մարգարյանն էլ նվագակցում էր: Չնայած ես վստահ եմ, որ դուք դա գիտեք, դրա համար էլ Անդրանիկ Մարգարյանի դեմ էիք պայքարում, նա էլ իհարկե Ձեր դեմ: Թե ով հաղթեց, դուք ինձանից լավ գիտեք: Այս դրվագին չեմ անդրադառնա, ինտրնետում այդ «մենամարտի» մասին շատ նյութեր կան: Շարունակելով միտքս՝ պետք է նշեմ, որ ձեր այսօրվա պայքարը գործող նախագահի հանդարտ վերարտադրությունն ապահովելն է: Ի՞նչ է ձեզ խոստացել գործող նախագահն, Աստված գիտի, բայց հաստատ խոստումը չի կատարելու:
Փաստորեն, դուք Տեր-Պետրոսյանից այնքան եք «վառված», որ համառորեն չեք նկատում ՈՉ «իրական» լիբերալ և արևմտամետ ուժերին, ՈՉ` 49 տարով ռուսական ռազմաբազաները երկարացրած գործող նախագահին և նրա տակ աշխատող դավիթշահնազարյաններին ու արտաշեսգեղամյաններին ու կամաց-կամաց սլաքն ուղղում եք Տեր-Պետրոսյանի ուղությամբ: ԱԽՔարթուրիկին և մի քանի այլ ԱԽՔ-երի, Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ անդրադարձել է իր ելույթներում, բայց համառորեն ձեր մասին չի խոսում: Սկսում եմ հասկանալ ՀՀ հիմնադիր նախագահին. նա, երբ տեսնում է մարդու մեջ փուչ զանգված, այլևս չի խոսում այդ մարդու մասին: Այդպիսի բախտի են արժանացել շատե՜րը ...
Ներիր ինձ, Մահաթմա Գանդի, բայց ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ գաղափարը մեր Հայրիկյանն է մտածել, դու ցավոք սրտի այն ժամանակ չկայիր... ու ինքն էլ ինքնորոշման խորհրդանիշն է...
Արամ Պետրոսյան, Իսպանիա 04.02.2013.