Հռիփսիմե Հակոբյանի «մշակութային վանդալիզմը», Ռիչարդ Մադլենյանի «բալկանյան կռուտիտները» և Գրիգոր Կյոկչյանի՝ ներողություն խնդրելու տղամարդկային խոստումը


11:30 , 5 հուլիս, 2016

Երեկոյան Երևան հաղորդման երեկվա հյուրերն էին Հռիփսիմե Հակոբյանը, Գրիգոր Կյոկչյանը և Ռիչարդ Մադլենյանը: Քննարկում էին վերջին՝ չստացված «Իմ սիրտը լիքնա» տեսահոլովակը: Երեք անգրագետ մեծամիտներ եկել նստել և գովերգում էին իրենց արած աշխատանքը: Հռիփսիմե Հակոբյանը գլուխ էր գովում, որ տեսահոլովակի ռեժիսորը «այս մարդն է» է, օպերատորը «այն մարդն է» է, ինձ պարել «այն մարդն է» սովորեցրել, հագուստներս «այն մարդն է» կարել:

Հռիփսիմե ջան, ես չեմ կասկածում, որ դու բավական գումար ես ծախսել տեսահովովակի նկարահանման համար, բայց դա ոչ մի կերպ չի երևում վերջնական արտադրանքում: Եթե ուշադիր կարդաս մեկնաբանությունները՝ կտեսնես, որ ոչ մեկ չի քննադատում ռեժիսորին, օպերատորին կամ չի ասում այ այս հագուստիդ կարը ծուռ էր կարված: Բոլորը խոսում են նրա մասին, որ դու 2 ամիս պարապելուց հետո «փեդ կուլ տված» ձևով ես պարում, որ դու կլկլացնելով կենդանական ձայներ ես հանում ու դա երգել ես կոչում: Երբ հարց տվեցին քեզ, թե ինչու են մարդիկ «Լիքը, լիքը լիքնա, իմ շորի վրա իր օծանելիքնա» նախադասության մեջ «վրա իր» ինչու են լսում «վրայի», դու պատասխանեցիր որ այդպես են ուզում: Ես կարող եմ վստահ ասել, որ դու ես սխալ արտասանում, քանի որ երաժշտական հատվածի վերջին չես հասցնի ավարտել նախադասությունդ, եթե շունչ վերցնես «վրա» և «իր» բառերի արանքում, ստիպված արտասանում ես «վրայի»:

Գրիգոր Կյոկչյանն արդեն որերորդ անգամ ասում է, որ եթե մեկն ապացուցի, որ երգի որևէ հատվածում ինչ-որ բան հայեցի չէ կամ սխալ է շարադրված, ինքը ներողություն կխնդրի:  Օր. մեջբերեմ երգից.

Լիքը, լիքը լիքը, իմ սիրտը լիքն ա,

Իմ շորի վրա իր օծանելիքն ա

Ամենալալալալավը ինքն ա, նա իմ երջանկության գաղտնիքն ա.

Այս նախադասությունները ոչ հայեցի են: Հայերենում «ա» օժանդակ բայ չկա: Ներկա ժամանակի եզակի թվի երրորդ դեմքի օժանդակ բայը «է»-ն է: Հետևաբար երգում օգտագործված ձևը հայեցի չէ և ավելին՝ անգրագետ է:

Գիրգոր Կյոկչյան, սպասում ենք քո հրապարակային ներողությանը:

Իսկ Ռիչարդ Մադլենյանին կասեմ մի բան, ես հասարակ ունկնդիր եմ և պարտավոր չեմ ճանաչել «լադային համակարգերը»: Ես այս երգի մեջ բազմաթիվ հատվածներում լսել եմ թուրքական մելիզմներ, իսկ դրանց համար պարտադիր չէ իմանալ լադային բոլոր համակարգերը: Դու երաժիշտ ես, ես՝ ունկնդիր, ինձ համար անհասկանալի արտասանությամբ և այս երաժշտությամբ  երգը թուրքական շարքային երգ է: Եթե դուք խոսում եք պահանջարկից և youtube-ում դիտումների թվից, այսքան քննադատությունները պետք է բոլորիդ համար կարմիր լույս լինի, որ հայի պահանջարկը սա չէ: Իսկ դիտումների թիվը միայն քննադատության և խոսակցությունների արդյունք է:

Հռիփսիմե Հայոբյանին, Գրիգորի Կյոկրյանին և Ռիչադ Մադլենյանին պետք է բացատրել, որ այս երգը մշակությանին վանդալիզմի մի մաս է և մեծ-մեծ խոսելու փոխարեն, պետք է ամաչել և ներողություն խնդրել նման աշխատանքի համար: