Ո՞ւր են կորել մեր ավանդույթները, համեստությունը, հյուրընկալությունը, հանդուրժողականութունը


10:32 , 5 փետրվար, 2013

Մենք հզոր ազգ ենք... 
Ունենք շատ հին և հարուստ պատմություն...
Մենք քաղաքակիրթ ազգ ենք...
Մեզ լավ ապագա է սպասվում...
Նախկինում և, հավանաբար, ներկայումս էլ հայրենասիրական պատմություններից ու խրատներից զերծ չեն ծրագրերը, որոնք մեր դաստիարակության հիմքն են դառնում ուսման տարիներին։ 
Բայց ծրագիրն ընդամենը թղթի վրա շարադրված բառերի խումբ է, որը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել իրական կյանքին։ Իրական կյանքն այլ պատկեր է ցույց տալիս։
Մենք հզոր ազգ ենք...
Մի՞թե այդ հզորությունն է իրավունք տալիս Հայաստանից դուրս իրենց բիզնեսն ունեցող հայ ազգի որոշ ներկայացուցիչներին, օգտագործելով հայրենակիցների և օտարերկրացիների աշխատուժը, հարստանալ, հետո «քցել» թե՛ առաջիններին, թե՛ վերջիններին։ Սեփական տհասության և անհեռատես քաղաքականության պատճառով վերոհիշյալ «վայ» բիզնեսմենները վարկաբեկում են իրենք իրենց՝ «քցողի» պիտակն էլ դարձնելով հայերի անվիճելի «հեղինակային իրավունք»։
Մի՞թե համարում եք, որ հայկական կոնյակի, նռան և Արարատի հետ մեկտեղ, «քցել» հասկացությունն էլ, որն ի թիվս վերը թվարկվածների, դարձել է Հայաստանից դուրս մեր ազգի ճանաչելիության խորհրդանիշներից մեկը, պատիվ է բերում մեզ։ 
Այնինչ տականքը, ով իրեն համարում է խելոք բիզնեսմեն, հրճվանք է ապրում սեփական գործունեությունից և զինված անպատժելիության դրոշակով, շարունակում է իր անօրինական գործունեությունը՝ բազմապատկելով հայ չսիրողների բանակը։ Բայց դե մենք հզոր ազգ ենք, մեզ ամեն ինչ կարելի է ու թքած մյուս «չմոների» վրա...
Ունենք շատ հին և հարուստ պատմություն...
Արդյո՞ք շատ հին և հարուստ պատմություն ունեցող ազգը պիտի ապրի «կլանային» բաժանումով։ Արդյո՞ք Հայաստանից դուրս աշխատող հայերն իրենց հայրենակիցներին պետք է որակավորեն համաձայն այն շրջանների, որտեղ վերջիններս բնակվում են՝ «երևանցի», «ապարանցի», «գյումրեցի», «ախլքալաքցի», «ղարաբաղցի»... և համաձայն այդ որակավորումների էլ ցուցաբերեն իրենց վերաբերմունքը կոնկրետ մարդու նկատմամբ։ Այսինքն, «երևանցին» ձգտի շփվել ու համագործակցել միայն «երևանցու» հետ, «ախլքալաքցին ախլքալաքցու» և այսպես շարունակ։
Նույնիսկ միլիարդի սահմանն արդեն վաղուց անցած Չինաստանի բնակչության մեջ չկա այսպիսի տարանջատում, ինչպիսին իշխում է մեզ մոտ։ Իսկ նրանց հետ համեմատած՝ մենք մի բուռ ենք, այն էլ փոքրիկ բուռ։
Ապա ինչո՞ւ մեկս մյուսին չենք աջակցում, օգնում, գնահատում։ Ինչու «երևանցին» երես է թեքում «գյումրեցուց», վերջինս չի շփվում «ապարանցու», նա էլ իր հերթին գործ չի ունենում «ղարաբաղցու» հետ։ Բոլորս էլ հա՞յ չենք։ Թե՞ մեկս ամեն օր գդալով սև խավիար է ուտում, մյուսը՝ միայն կանաչի։ Եվ եթե նույնիսկ այդպես է, դրանո՞վ պիտի որակավորվի մարդուս կերպարը։
Մենք քաղաքակիրթ ազգ ենք...
Մեր քաղաքակրթությունը տեսնելու համար հեռու գնալ պետք չէ։ Մատների մի քանի շարժում, էկրանին հայտնվում են համացանցի հայտնի մի քանի կայք և մեր քաղաքակրթությունն ակնհայտ է։
Համատարած անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, հայհոյանքներ, բռի արտահայտություններ։ 
Աստված չանի, մեկը հայտնի միտք, որը տարբերվի «շաբլոն» մտածողությունից ու չլինի դոգմա։ Վայնասունը կսկսվի անհապաղ։ Ու կարդալով անգրագետ մեկնաբանությունները, զարմանում ես դրանց հեղինակների ինքնահաստատմանը ձգտելու անիմաստ փորձերին։
Մեզ լավ ապագա է սպասվում...
Հետաքրքիր է, թե ո՞ր մութ անկյուններում է մեզանից բավականին հաջողակ կերպով թաքնվել մեր երկրի ապագան։ Ուզում եմ հատուկ նշել, որ խոսքս ոչ թե մի քանի տասնյակ հաստավիզ ու մականունավոր օլիգարխների ապագայի մասին է, ովքեր սեփական կարողությանը հերթական զրոն ավելացնելուց բացի ուրիշ հոգս չունեն, այլ մարդկանց, ովքեր առավոտյան արթնանում են հանապազօրյա հացը վաստակելու հարցականի մեծ նշանով։
Որտե՞ղ է մեր լավ ապագան, երբ հայերի գերազանցող մասն ապրում է սեփական երկրի սահմաններից դուրս։ Ապրում է, որովհետև երկիրն իր քաղաքացու մասին չի մտածում, երկիրը, մեղմ ասած, թքած ունի նրա վրա։ Իսկ նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, գոյատևում են՝ իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու և այդ իրավունքների պաշտպանության համար լուրջ քայլեր չձեռնարկելով։
Ով Հայաստանում է, մեղադրում է երկրից գնացածներին՝ մտքում փայփայելով այն միտքը, որ մի գեղեցիկ օր ինքն էլ փախչելու հնարավորություն կգտնի ու կծլկի երկրից։ Ով էլ ապրում է դրսում, ձգտում է բարելավել իր սոցիալական պայմանները, աշխարհ տեսնել, քանզի մարդուն կյանքը տրված չէ միայն հաց վաստակելու խնդիրը լուծելու համար։
Ի՞նչ լավ ապագայի մասին կարելի է խոսել, երբ կոնկրետ հարցով դիմում ես Հայաստանի պետական ինչ–որ կառույց (էական չէ Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս)՝ ստանալու համար իրազեկ տեղեկատվություն, իսկ դիմացդ նստած անկիրթ ու կյանքից դժգոհ մռութը, բացելով իր բերան կոչվող ախոռը, հաչում է բառերի մի շարան։
Ո՞ւր են կորել մեր ավանդույթները, համեստությունը, հյուրընկալությունը, հանդուրժողականութունը, դժվար պահին իրար հասնելու և օգնելու՝ մեր ազգին նախկինում բնորոշ գծերը։
Ի՞նչ ենք փոխարենը ձեռք բերել։ Լկտի պահվածք, անհանդուրժողականություն, դժվար պահին երես թեքել ու դեռ մի հատ էլ քացի տալ, մեծամտություն, էգոիզմ, նախանձ... Ցուցակը կարելի է շարունակել։
Վերջերս, լինելով Մոսկվայում, «բախտ վիճակվեց» այցելել Հայաստանի դեսպանատուն։ Սպասելով իմ հերթին՝ ականատես եղա այցելուի և դեսպանատան աշխատակցի «սիրալիր» խոսակցությանը։ Այցելուի հարցին, թե ինչ է պետք հայկական անձնագիրը հանձնելու համար, լսվեց բարձր և կոնկրետ պատասխան. «Տար, տուր նախագահին, թող կոխի իրա ջեբը, մեզ քու պասպորտը պետք չի»։
Մեկնաբանություններն անիմաստ են...