Հայրիկյանը փիա՞ր է անում


20:08 , 4 փետրվար, 2013

Անկեղծ ցավում եմ Հայրիկյանի հետ կատարվածի համար, ու առաջիններից մեկը, ով կոչ էր անում ավելորդ մեկնաբանություններ չանել՝ ես էի…
Հետևելով դեպքերի զարգացումներին ու համադրելով փաստերը` սկսեցի մի փոքր կասկածել Հայրիկյանի անկեղծության վրա.., բացատրեմ՝ ինչու:
Վիրահատությունից մեկ ժամ անց Հայրիկյանը սկսեց էքսկլյուզիվ հարցազրույցներ տալ գրեթե բոլոր լրատվամիջոցներին` ամենայն մանրամասնություններով պատմելով իր հետ կատարվածը… Հանգամանալից կերպով պատմում էր իր շարժումների, վատ հարևանի ու անգամ ավարտին չհասցված աղոթքի մասին…
Նույն օրը երեկոյան Հայրիկյանը անհոդաբաշխ հայտարարություն արեց ընտրությունները հետաձգելու իր որոշման վերաբերյալ, որը ապակոդավորելու ու ընկալելու համար բավականին մեծ ջանք պահանջվեց` ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներից, այնպես էլ շարքային քաղաքացուց:
Երկու օրվա ընթացքում անելով բազմաթիվ հայտարարություններ՝ Հայրիկյանը պահում էր ինտրինգը ու ամեն ինչ անում էր այն երկարաձգելու համար…
Նախ` հայտարարեց, որ իրավիճակը ստիպում է օգտվել ընտրությունը 15 օր հետաձգելու իրավունքից, ավելի ուշ հայտարարեց, որ ընտրությունների հետաձգման շուրջ ինքը հայտարարություն չի արել և կարծում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն հենց փետրվարի 18-ին, դրանից մեկ ժամ հետո էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հետ կապված կհայտարարի երկու օրից, հետո էլ՝ թե մեկ օր էլ դիմացեք, հայտարարություն կլինի…
Չեմ համարձակվի ասել, որ միջադեպի կազմակերպիչը հենց Հայրիկյանն է. ուղղակի նա շատ լավ օգտագործեց իրավիճակը՝ սեփական PR-ն անելու համար:
Ակնհայտ է, որ Հայրիկյանն այս օրերին առևտրի մեջ ա «շահագրգիռ» կողմերի հետ: 
Եսիմ: Երևի ով էլ լիներ նրա տեղում, կփորձեր առավելագույնը քաղել ստեղծված վիճակից: Բայց մի տեսակ չեմ ուզում հավատալ, որ ընդամենը երկու օր առաջ ԶԼՄ-ներով գովաբանվող Հայրիկյանն ընդունակ ա նման բանի: 
Ամեն դեպքում կոչիցս չեմ ուզում հրաժարվել` աշխատեք ուրիշի անձնական դրամայի վրա քաղաքական էժան դիվիդենտներ չհավաքել: