Իր իշխանամետությամբ Արթուր Բաղդասարյանը ավելի ընդդիմադիր է, քան եղած մնացածը


18:41 , 4 փետրվար, 2013

Երբ տարեց մանկավարժը փողոցում քեզ հանդիպելիս խոսակցության ընթացքում ասում է`«իր իշխանամետությամբ Արթուր Բաղդասարյանը ավելի ընդդիմադիր է, քան եղած մնացածը», դա արդեն մտորելու տեղիք է տալիս: Հարց է ծագում՝ ինչ էր ցանկանում դրանով ակնարկել տվյալ հարգված մանկավարժը: Հարգելի ընթերցող, երբ թերթում ես մամուլը, որոշակի պատկերացում ես կազմում այս կամ այն քաղաքական գործիչի վերաբերյալ, և այն աստիճանաբար վերածվում է յուրահատուկ կարծրատիպի: Այսօր մեզանից շատերը հակված են այն մտքին, որ նույն Արթուր Բաղդասարյանը «դավաճանել» է ընդդիմություն հասկացողության սկզբունքներին: Տրամաբանությունը հետևյալն է (փորձենք խոսել պարզ ժողովրդական լեզվով)` եղբայր, սկզբից արմատական ընդդիմություն էիր, հետո չգիտես թե ինչպես դարձար կոալիցիայի անդամ, այսինքն՝ փոխեցիր ընդդիմադիր սկզբունքներդ տաքուկ միջավայրի հետ: Անձամբ ես հակված եմ այն մտքին, որ յուրաքանչյուր տրամաբանություն ունի իր ճշմարտությունը, սակայն եկեք փորձենք միասին հասկանալ դրդապատճառները և համեմատականների միջոցով զուգահեռներ անցկացնել Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՅԴ-ի միջև: Եվ այսպես, մի շարք հարցեր`
• Ինչպե՞ս իրենց դրսևորեցին վերոհիշյալ ընդդիմադիր գործիչները հանրության համար վճռորոշ ՀՀ նախագահական ընտրությունների փուլում:
• Արդյոք չի՞ հավասարվում նրանց չառաջադրվելը ընդդիմության սկզբունքներին դավաճանելուն:
• Ո՞րն է ավելի ճիշտ՝ բացեիբաց հայտարարե՞լ, թե սատարում ես Սերժ Սարգսյաին, թե՞ «ձևացնել», թե չես մասնակցում ընտրություններին, դրանով իսկ հեշտ հաղթանակ նվիրել նույն Սերժ Սարգսյանին:
• Ո՞րն է ավելի ճիշտ՝ «բրախե՞լ» մոտ կես միլիոն ընտրողներին (այստեղ ի նկատի ունենք ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի հավաքած ձայները), թե՞ տեր կանգնել 90000-ին (այստեղ ի նկատի ունենք ՕԵԿ-ի հավաքած ձայները):
• Ո՞րն է ավելի տրամաբանական՝ ընդհանրապես չմասնակցե՞լ երկրի ղեկավարմանը և դրանով իսկ մնալ մաքուր, թե՞ մասնակցել և փորձել ինչ-որ բաներ փոխել (իհարկե, ճշմարիտ լինելու նպատակով հարկ եմ համարում նշել, որ ՕԵԿ-ը ատկատների և նմանատիպ հանցագորրծությունների դեմ պայքարում երևելի ակտիվություն չի ցուցաբերում):
• Արժե՞ արդյոք մոռանալ, որ ժամանակին նույն Արթուր Բաղդասարյանի շնորհիվ Հայաստանում մի ժամանակահատված ոչ մի դպրոց, ոչ մի մանկապարտեզ չի վաճառվել, գրադարանները ու գիտական հիմնարկները չեն վաճառվել:
• Արժե՞ արդյոք մոռանալ, որ այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ խոսնակն էր անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին՝ ասաց. «2050 թվականին Հայաստանում կմնա 500 հազար մարդ»: 
Ավարտելով կցանկանայի նկատել, որ ըստ իս ավելի լավ է լինել բացեիբաց իշխանամետ, քան թե «կեղծ ֆորմատով» ընդդիմադիր: