14:26 , 4 փետրվար, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, անդադառնալով Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չառաջադրվելու փաստին, նշել է. «Թե՛ 68, թե՛ 58, թե՛ 48 տարեկանում, այսինքն՝ անկախ տարիքից, մասնակցելը իմաստ չունի, եթե ընտրությունները կեղծվում են, և այդ գործին լծվում է ամբողջ պետական մեքենան: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հզոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, ինչը, պետք է արձանագրենք, այս անգամ տեղի չունեցավ: Իսկ մասնակցել` մասնակցելու համար, դա մեզ պետք չէ»:
Ստեփան Դեմիրճյանն ընդդիմության այն քիչ գործիչներից է, ով ազնվորեն նշում է, որ ընդդիմադիր ուժեղ բևեռ որպես այդպիսին չձևավորվեց, իսկ այդ իրավիճակում Տեր-Պետրոսյանի տարիքը, քաղաքական կոնսուլտացիաների տապալումն ու մնացած գործոնները երկրորդական, երրորդական են: Ւ տարբերություն ՀԱԿ այլ գործիչների, ովքեր ՀԱԿ-ի չմասնակցության պատճառը բարդում էին միայն «պետական մեքենայի վրա» ու փորձում խույս տալ պատասխանատվությունից, Դեմիրճյանը ընդգծում է, որ հզոր ընդդիմադիր բևեռի ստեղծման պարագայում ՀԱԿ-ի նպատակների իրագործումն առավել իրական կլինեին, նույնիսկ «պետական մեքենայի» առկայության պայմաններում:
ՀԺԿ ղեկավարը միաժամանակ նաև ակնարկում է ընդդիմադիր բևեռի ստեղծման անհրաժեշտության ու դրանում իր դերակատարության մասին: Անխոս ՀԱԿ-ում ՀԺԿ-ն առանցքային կուսակցություն է, իսկ Դեմիրճյանը, չնայած նախկին ժողովրդականությունը չի վայելում, սակայն հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Նիկոլի ու Բագրատյանի փաստացի «դրսում» գտնվելը, հնարավորություն ունի ՀԱԿ-ի ղեկավարությունն իր ձեռքում վերցնելու ու «ցվրվող բեկորները» միավորելու լուրջ հայտ ներկայացնել: Իհարկե, մշտապես ընդգծվում է, որ Տեր-Պերոսյանը՝ որպես իր իրավահաջորդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին է տեսնում, սակայն այդ մասին լուրջ ակնարկներ, մանավանդ վերջին շրջանում չի նկատվում:
Ավելին, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները (գաղտնալսումը ու դրանից բխող հետևանքները, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունում Զուրաբյանի դերակատարությունը, Զուրաբյան-Նիկոլ, Զուրաբյան-Բագրատյան, Զուրաբյան-Մակեյան հարաբերությունների սրումը) ցույց տվեցին, որ Զուրաբյանը, համենայն դեպս հիմա, պատրաստ չէ ՀԱԿ-ի ղեկավարությունը ստանձնելու, իսկ այդ պայմաններում Դեմիրճյանի դերակատարությունը ՀԱԿ-ում կտրուկ աճում է: Մանավանդ, որ վերջինս հիվանդության պատճառով բավականին երկար ժամանակ դուրս էր մնացել ՀԱԿ-ի ներսում տիրող ինտրիգային թեմաներից: Ս. Դեմիրճյանը «խաղն իր ձեռքը» վերցնելու ու արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ճանապարհին մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր ունի. նոր խաղ սկսելուց առաջ պետք է գնահատական տա, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը ձախողեց ընդդիմադիր բևեռի ստեղծումը:
Հ.Գ. Ս. Դեմիրճյանի համար խոչընդոտող հանագամանք կարող է դիտվել առողջության հետ կապված խնդիրը: