13:13 , 4 փետրվար, 2013
Քչախոս, որակումներում, եւ այն էլ Ռոբերտ Քոչարյանի մասով, ահարկու ժլատ Սերժ Սարգսյանը «Օգոնյոկին» տված հարցազրույցում, ինչպես ընդունված է ասել` «տասնոցին» է խփել:
Ընդ որում, պետք է հասկանալ, որ հարցազրույցը մինչեւ Հայրիկյանի դեմ մահափորձն է եղել: Ինչեւէ:
Տպավորությունն այնպիսին է, որ հարցազրույցի տողատակում չկայացած «երկխոսություն» է ընթանում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` կուտակված, բայց երբեք չխոսված հարցերի շուրջ:
Երկրորդում ենք` բացառապես ենթատեքստում:
Անդրադառնալով, առավել ստույգ չանդրադառնալով Քոչարյանի այն մտքին, որ քաղաքական «փնտրտուքը Հայաստանում վերածվել է մանրածախ առեւտրի», Սերժ Սարգսյանն արդեն ուղղակի ու բաց տեքստով ասում է, որ` ամենքը խելագարվում են յուրովսան. դե` համարյա էլի. ասում է` ամենքը խոսում են իրենց շահերի համապատասխան:
Ու «մանրածախին» հակադրում է քաղաքակրթական իր մաստեր-կլասը. ընտրապայքարին մասնակցում են արժանապատիվ թեկնածուներ, որոնք ինձ թշնամի չեն, ամեն ինչ ընթանում է թափանցիկ:
Հայտնի է, որ Քոչարյանն առավել ունի «ուժայինի» համարում` «ականջներ քաշելու», թիկնապահների` առագաստային քաշքշումների պահով:
Շարունակե՞նք, թե՞...
Մի պստլո էլ ու վերջ: Սերժ Սարգսյանն ասում է` նախագահներն էլ հեռանալուց հետո շարունակում են պատասխանատվություն կրել: Ասում է` իր մասին, բայց՝ «կուժ ասեմ, կուլա լսիր» տարբերակն է ակամա ասոցացվում:
Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը:
Հ.Գ. Հիշենք` հարցազրույցը մինչ Հայրիկյանի դեմ մահափորձն է եղել: