Պան Գի Մունը կոչ է արել համաշխարհային հանրությանը նախապատրաստել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչություններին


10:38 , 22 հունիս, 2016

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ ԱԽ անդամներին կոչ է արել բարելավել համաշխարհային հանրության պատրաստվածության աստիճանը զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչություններին՝ այն դեպքում, երբ այդպիսի հարձակման կանխարգելման միջոցառումները չգործեն: 1540 բանաձևի ուսումնասիրմանը նվիրված հանդիպմանը ելույթի ժամանակ նա նաև հայտարարել է, որ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումից խուսափելու լավագույն միջոցը մեկընդմիշտ այդպիսի զենքը ոչնչացնելն է: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ես մտահոգված եմ ահաբեկիչների կողմից բնակելի կենտրոններում քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ կամ միջուկային նյութերի կիրառման աճող վտանգով: Կարծում եմ՝ 1540 բանաձևը կարող է և պետք է մեծ դեր խաղա միջազգային հանրությանը այդպիսի դեպքերի կանխարգելման համապատասխան մեխանիզմներով ապահովելու գործում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ երկրները նաև պետք է մտածեն՝ ինչ անել, եթե ոչ պետական սուբյեկտների կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը կանխելու ջանքերն արդյունք չտան: «Ես ԱԽ անդամներին կոչ եմ անում պատասխանատվություն ստանձնել այդպիսի զենքի հնարավոր կիրառման դեպքում մեր պատրաստվածության բարելավման համար: Վերջապես, ես ուզում եմ ընդգծել, որ ոչ պետական սուբյեկտների կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը կանխելու լավագույն միջոցը նման զենքն ամբողջովին և ընդմիշտ ոչնչացնելն է: Եկեք կրկնապատկենք ավելի անվտանգ աշխարհ ստեղծելու մեր ջանքերը»,- նշել է Պան Գի Մունը:

2014թ. ընդունված 1540 բանաձևը պետություններին կոչ է անում զանգվածային ոչնչացման զենքի և դրա առաքման միջոցների կոշտ վերահսկողություն սահմանել և թույլ չտալ դրանց արտադրությունը, ձեռք բերումը և տեղափոխումը ոչ պետական սուբյեկտների կողմից, որոնցից են ահաբեկիչները: Երկուշաբթի ՄԱԿ-ում մեկնարկել են փաստաթղթի իրագործման բազմակողմանի ուսումնասիրությանը նվիրված եռօրյա խորհրդակցություններ: