ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հնարավոր հետևանքները. պետդեպարտամենտ


06:57 , 21 հունիս, 2016

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն դեռ ուսումնասիրում է Իրանին ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հնարավոր հետևանքները։

Այդ մասին լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին։

Նա չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ն այդ գործարքի կապակցությամբ պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի հանդեպ։ Փոխարենը նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ մտահոգություն է հայտնել Իրանին այդ համակարգերի հնարավոր վաճառքի կապակցությամբ և այժմ իրենք հաշվարկում են, թե ինչ հետևանքներ կունենա դա։